Քաղաքականություն
16.11.2026 | 12:20
Նոյեմբերի 16-ի առավոտյան ռուսական բանակի կողմից Դնեպրի ուղղությամբ կրկնակի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Ճանապարհին ավտոմեքենաներ են այրվել։ Հարվածի վայր են կանչվել բոլոր ծառայությունները, գրում է Current time-ը:
Նոյեմբերի լույս 16-ի գիշերը ռուսական բանակն անօդաչու թռչող սարքերով գրեթե 20 անգամ հարձակվել է Դնեպրոպետրովսկի մարզի վեց շրջանների վրա։ Դնեպրում վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքներ, մասնավոր տներ և բազմաբնակարան շենքեր։ Վիրավորվել է 44-ամյա մի կին։ Մարզի Պավլոգրադ քաղաքում վնասվել են ուսումնական հաստատություն, բազմահարկ շենքեր և ավտոմեքենա։ 77-ամյա տղամարդը միջին ծանրության վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ 42-ամյա կինը վնասվածքներ է ստացել։
Ռուսական բանակն անօդաչու թռչող սարքերով հարվածել է նաև Զապորոժիեի մարզին։ Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Հարձակման են ենթարկվել ենթակառուցվածքային օբյեկտներ։
Վիննիցայի մարզում գիշերը հարված է հասցվել արդյունաբերական նշանակության կարևոր օբյեկտներից մեկին։ Տուժածներ չկան, տելեգրամում գրել է Վիննիցայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Նատալյա Զաբոլոտնայան։ Նա չի մանրամասներ, թե որ օբյեկտն է թիրախավորվել և ինչ հետևանքներ են եղել։
Նոյեմբերի 15-ի երեկոյան էլ ռուսական բանակը հարվածել է Խարկովում գտնվող մանկական հաստատության շենքին։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տվյալներով՝ քաղաքի Շևչենկոյի շրջանում արձանագրվել է նաև «Մոլնիա» տիպի անօդաչու թռչող սարքի հարված։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 158 հարվածային անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ», «Գերբերա» և «Պարոդիա» տիպի։
ԱԹՍ-ներն արձակվել են Ռուսաստանի Օրյոլ, Կուրսկ, Միլերովո, Շատալովո և Պրիմորսկո-Ախտարսկ բնակավայրերից։ Եվս երկու արձակման կետ գտնվել է օկուպացված Ղրիմում՝ Չաուդայում և Գվարդեյսկոյեում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի