Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել Շիրակի մարզի գյուղ Ազատան 54/6 -ում գտնվող «Իգիթ» ՍՊ ընկերությանը պատկանող թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին:
Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը:
Այսպես՝
– արտադրամասի հատակների մակերևույթների մի մասը եղել են ոչ պատշաճ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս դրանք հեշտորեն լվանալ և ախտահանել,
– առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– արտադրանքի պատրաստման գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնց մի մասը պատրաստված չի եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է «Իգիթ» ընկերությանը։