«Ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է, պետք է այս մասին խոսենք: Ես լսել եմ քննադատություններ մեր ՆԳՆ գործընկերների, պարեկային ծառայության վերաբերյալ, բայց, ժողովուրդ ջան, եկեք ինքներս մեզ հետ ազնիվ լինենք… Պարեկային ծառայությանը այնքան անիմաստ ծանրաբեռնվածություն ենք ավելացրել, որ մարդիկ իրենց ամենակարևոր գործառույթը չեն հասցնում կատարել… Միակ բանը, որ պետք է անի պարեկային ծառայությունը, պետք է գնա, ասի՝ շուտ ազատեք ճանապարհը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով միջադեպերին և ԱՊՊԱ-ի կիրառությանը:
«Պարեկային ծառայությունը պետք է զբաղվի ընդհանրապես ճանապարհային երթևեկության կարգավորումներով, ոչ թե 20 000-30 000 դրամի հարցերով… Թող ապահովագրականներն իրար հետ այդ հարցերը լուծեն…»,- ընդգծեց քաղաքապետը:
«Մեր մշակույթը՝ ավտոմեքենա վարելու, շատ վատն է… Երևանում մի 50 ավտոմեքենա այս քաղաքը կարող են կոլապսի ենթարկել… Մեր փնթի վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է, որովհետև մեքենաների այս ավել քանակի մեջ ամեն մի խախտումն ունի շատ ավելի մեծ էֆեկտ, քան ուներ 10 տարի առաջ… Մենք պետք է խոսենք պոտենցիալ կարգավորումներից և այդ կարգավորումները դնենք հանրային քննարկման: Կարգավորումները վերաբերելու են և՛ քաղաքը տարբեր գոտիների բաժանելուն, և՛ առանձնացված ավտոբուսային գծերին, և՛ տարատեսակ հարցերին:
Ես հասկանում եմ, որ, օրինակ, դպրոցն ընտրելու հարցում պետք է հնարավորինս ճկուն լինել, բայց եկեք հասկանանք՝ եթե դու բնակվում ես Նոր Նորքում և որոշում ես, որ դպրոցը լավն է Մալաթիա-Սեբաստիայում, արդյոք պետությունը քեզ այդ հնարավորությունը պե՞տք է տա: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել: Իրականում շատ և շատ երկրների տարբեր թաղամասերի բնակարանների գները նաև որոշվում են այդտեղի դպրոցի որակով»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: