Նոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է դարձել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված ընթացակարգը՝ հավելյալ վճարի դիմաց: Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Կենսաչափական անձնագրի համար նախատեսված 28,650 դրամ հիմնական վճարին գումարվում է ևս 60,000 դրամ՝ կազմելով 88,650 դրամ։
Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամ պետական տուրքին ավելացվում է 8000 դրամ հավելավճար։ Այսպիսով, արագացված տարբերակով նույնականացման քարտ ձեռք բերելու ընդհանուր արժեքը կազմում է 13,950 դրամ։
Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, որոնք փաստաթղթերի շտապ կարիք ունեն, ստանալ դրանք սեղմ ժամկետում: Մասնավորապես, Երևանում կենսաչափական անձնագրի կամ նույնականացման քարտի (ID քարտ) տրամադրումը հնարավոր է 24 ժամքում, Հայաստանի մարզերում՝ 48-ժամյա ժամկետում։
Փաստաթղթերի պատրաստման նշված ժամկետները հաշվարկելիս շաբաթ և կիրակի օրերը հաշվի չեն առնվում։
Նոր ծառայությունից օգտվող քաղաքացիների համար ներդրվել է առաջնահերթ սպասարկման հնարավորություն։