Քաղաքականություն
16.11.2026 | 09:45
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 20-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն ու խաղաղությանն ուղղված քայլերը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմ Պենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:
Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին: Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ»: