Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով այն, ինչ որակել է որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
CCAF-ը խորին ափսոսանքով և առավելագույն վճռականությամբ դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված բռնաճնշումները։
Այս սրացումը նոր՝ առավել վտանգավոր փուլ է թևակոխել՝ Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված անհիմն և ապօրինի հետապնդումներով, այնպիսի գործողությունների համար, որոնք ակնհայտորեն գտնվում են բացառապես հոգևոր իշխանության իրավասության ներքո։
Քաղաքական բնույթի այս արշավը՝ ուղղված Հայ Եկեղեցու գերագույն առաջնորդի և նրա հոգևորական դասի դեմ, անթույլատրելի ոտնձգություն է հայկական ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նկատմամբ։ Այն թուլացնում է ամբողջ ազգը՝ հայրենիքից մինչև սփյուռք՝ ներսում բացելով պառակտում, որից կարող են ուրախանալ միայն նրա հակառակորդները։
Այն պահին, երբ հայ ժողովուրդը կանգնած է լուրջ արտաքին սպառնալիքների առջև, նա չի կարող իրեն թույլ տալ նման բախումներ, որոնք նույնքան անպատշաճ են, որքան կործանարար՝ նրա միասնության և բարոյական ուժի համար։
CCAF-ը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ կառավարությանը խելքի գալ և անմիջապես վերջ դնել այս վտանգավոր շեղումներին, որոնք հիշեցնում են ստալինյան շրջանի գործելակերպը և մեր պատմության ամենամութ էջերը։
CCAF-ը պահանջում է անհապաղ վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ ընդունված ապօրինի որոշումները։
CCAF France-ը իր հարգանքն է հայտնում Սրբազան Հայրապետ Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ վստահեցնելով իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: