«Վայոց ձոր» ԲԿ-ում հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք սկսել․ տուժել է բժիշկներից մեկը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։

Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։ Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։

Այդ ժամանակ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Էրիկ Բ․-ն վիճաբանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էրիկ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Leave a comment