Մայամիի օդանավակայանում 2 ինքնաթիռ է բախվել․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Մայամիի միջազգային օդանավակայանում շաբաթ երեկոյան գետնավարման ուղիներից մեկում բախվել են Copa Airlines-ի Boeing 737 և UPS-ի Boeing 767 ինքնաթիռները։ Բախման հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ Copa Airlines-ի ինքնաթիռի թևածայրը հարվածել է UPS-ի օդանավի քթամասին, երբ երկու ինքնաթիռներն էլ շարժվել են օդանավակայանի տարածքում։

FAA-ի փոխանցմամբ՝ օդային երթևեկության կարգավարները UPS-ի անձնակազմին հրահանգել էին ճանապարհը զիջել Copa Airlines-ի ինքնաթիռին։ Դեպքի հանգամանքները հետաքննվում են։

Բախման պահին Copa Airlines-ի օդանավը ժամանել էր Պանամայից, իսկ UPS-ի ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։

Copa Airlines-ի տվյալներով՝ օդանավում գտնվող 166 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները տարհանվել են, այնուհետև ինքնաթիռը տեղափոխվել է տերմինալ։ Երկու տուժածներն էլ թեթև վնասվածքներ են ստացել և բուժօգնություն ստացել դեպքի վայրում։

Leave a comment