ԲԴԽ-ն քննում է 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը (PAN.am)

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները, հայտնում է Factor․am-ը:

Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդություններ, ԲԴԽ-ն չի մանրամասնում։ Գլխավոր դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրում:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասել են Դատախազությունից։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը, վկայակոչելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունները, հաղորդել է, որ դատավորների վերաբերյալ նախաձեռնված գործընթացը հնարավոր է կապված լինի պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքերի հետ։ Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է որոշ անձանց առնչությամբ ընդունված դատական ակտերին, որոնց հետևանքով այդ անձինք, ըստ հրապարակման, հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների հեռանալու Հայաստանի տարածքից։

Leave a comment