Փաշինյանը՝ գերիների մասին․ Բանտարկյալների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով, որ դրա լուծումը սերտորեն կապված է տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման հետ։

«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի։ Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։ Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ չի լուծվի»,- նշել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նա ընդգծել է, որ խաղաղությունը և երկկողմ հարաբերությունների կարգավորումը համարում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը։

«Այդ խնդիրը միշտ եղել է և այսօր էլ մեր օրակարգում է։ Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը և շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի գնահատմամբ՝ քաղաքական առաջնորդների պարտականությունն է նաև երկարատև թշնամանքի պայմաններում խաղաղության հասնելու հնարավորություններ գտնելը։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել՝ ցմահ ազատազրկում, 15-20 տարվա ազատազրկում:

Leave a comment