Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նոր կազմի առաջին նիստում քննարկվել են երեխաների առցանց անվտանգության, կիբերանվտանգության, բուլինգի կանխարգելման, ինչպես նաև կրթական համակարգում իրականացվող փոփոխությունների հարցերը։ Աշակերտները նախարարին են ներկայացրել իրենց առաջարկները և բարձրացրել նոր դասագրքերին, գնահատման համակարգին ու քննություններին վերաբերող խնդիրներ։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը:

Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին սովորողների առցանց անվտանգության, կիբերանվտանգության, բուլինգի, ինչպես նաև կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ուսուցման գործընթացի բարելավման հարցերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհավորել է խորհրդի նոր կազմում ընդգրկվելու առիթով՝ կարևորելով նաև նրանց դերն ու դիրքորոշումը հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների համատեքստում:
Անդրադառնալով երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդրին՝ նախարարը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այս հարցը դառնում է ավելի ու ավելի հրատապ։ «Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում շատ կարևոր գործիք են՝ դրանց ճիշտ և նպատակային օգտագործման դեպքում։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրական կողմերի հետ միասին, դրանք նաև բազմաթիվ մարտահրավերներ են առաջ բերել: Բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ 4 տարին մեկ անցկացվող PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտությունը ցույց են տալիս, որ օրինակ՝ բուլինգը, ավելի լայն դրսևորումներ է ստանում առցանց տարածքում։ Եվ շատ կարևոր է հասկանալ՝ որն է երեխաներին այս տիրույթում պաշտպանելու ճիշտ ձևը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ գործընկեր գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ իրականացվում են երեխաների առցանց անվտանգության պաշտպանությանը միտված գործիքակազմերի մշակման աշխատանքներ:

Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել է նաև համատեղ աշխատանքային խումբ՝ թիրախային անելիքները հասկանալու և համապատասխան քայլերը հստակեցնելու նպատակով։

Կարևորելով աշակերտների ամբողջական իրազեկվածությունը և թեմայի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ նախարարը մանրամասն հետաքրքրվել է, թե աշակերտներն ինչ են մտածում բուլինգի դրսևորումների, այդ երևույթի կանխարգելման, կիբերանվտանգության և առցանց տիրույթում պաշտպանված լինելու մասին, ինչպիսի վարքագիծ են դրսևորում սոցցանցերում և այլն։

Կիբերանվտանգության, բուլինգի առանձին դեպքերի, դրանց կանխման և հնարավոր ռիսկերի վերաբերյալ աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցների փորձառությունը, ինչպես նաև նախարարին ուղղել թեմայի հետ կապված մի շարք հարցեր, նաև հանդես եկել առաջարկներով:

Հատկապես ընդգծվել է դպրոցներում իրազեկման արշավների պարբերական անցկացումը, այս խնդիրների կանխարգելման ուղղությամբ հոգեբանների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, աշակերտ-դպրոց-ծնող համագործակցային կապի բարելավումը։

Նիստի ընթացքում աշակերտական խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել նաև նոր դասագրքերի, գնահատման համակարգի, դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների, թեստային առաջադրանքների, էսսեի ձևաչափի ներդրման նպատակի և այլնի վերաբերյալ։

Leave a comment