«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին: Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման հետխաղային ասուլիսում Մելիքյանը «Արարատ-Արմենիան» գլխավորող Մանուել Տուլիպային կոչ էր արել «քիթը չխոտել» իր գործերի մեջ:

Երևանյան ակումբը հայտարարությունը տարածել է ««Թեման ցրելու» նուրբ արվեստը» վերնագրով:

«Եղիշե Մելիքյանը հավաքականի հերթական խաղից հետո հետխաղյա ասուլիսում որոշեց անդրադառնալ նախորդ ամսվա իրադարձություններին։

«Քիթ խոթել» համարելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի՝ սեփական ֆուտբոլիստին պաշտպանելու փորձը՝ նա հավանաբար մոռացավ, որ հենց իր քայլերի հետևանքով է Ժիրայր Շաղոյանը ավելի շուտ լքել հավաքականի բազան և վերադարձել «Արարատ-Արմենիայի» հետ մարզումներին։

Նշենք, որ հենց Մելիքյանի «ոչ կառուցողական բնույթի» որոշումների հետևանքներն են, որոնք «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբին հաջողվել է հաղթահարել Ժիրայրի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կարճ ժամանակահատվածում։ Դա թույլ է տվել ֆուտբոլիստին կրկին վերգտնել իր լավագույն մարզավիճակն ու վերջին խաղերում ցուցադրել իր լավագույն որակները՝ լինի դա «Արարատ-Արմենիայի», թե ազգային հավաքականի կազմում։

Եղիշե Մելիքյանին մենք ենք հորդորում հետայսու «Արարատ-Արմենիայի» համեստությունը չշփոթել թուլության հետ և հրամայական տոնով չխոսել այն ակումբների հետ, որոնցից հատկապես «Արարատ-Արմենիան» վերջին տարիներին եղել է հավաքականի ֆուտբոլիստներ մատակարարող հիմնական ակումբներից մեկը։

Եվ վերջապես, արդյո՞ք Մանուել Տուլիպայի խոսքը, որը պարզապես բարի հորդոր էր՝ փորձելու զսպել էմոցիաներն ու հարգանքով մոտենալ ֆուտբոլիստներին, հավաքականի վերջին ելույթների ֆոնին իսկապե՞ս արժանի էր ասուլիսում հիշատակման։

Ստացվում է, սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Leave a comment