Գալշոյան փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Թիվ 22 համարի ավտոբոսի վարորդն ընթացքի ժամանակ մահացել է, որից հետո մեքենան բախվել է ծառին։ Ավտոբուսում այդ պահին ուղևորներ չեն եղել։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից սկզբնակետ գնալու ճանապարհին է եղել։ Շտապօգնության կայանի տնօրեն Հարություն Հարությունյանը փոխանցեց, որ ծառայության աշխատակիցները հասնելուց հետո արձանագրել են վարորդի կենսաբանական մահը։ Factor TV-ն տեղում արձանագրեց, որ ծառի բունը վնասված է, իսկ ավտոբուսից որոշ կտորներ մխրճվել են ծառի մեջ։
Ամեն օր շուրջ 230 հազար մարդ օգտվում է Երևանի ավտոբուսային տրանսպորտից։ Այս թիվը բխում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած այն տվյալից, ըստ որի՝ 2025 թվականի հունվարին ավտոբուսներով իրականացրել են 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում, որը 30 օրվա բաժանելու դեպքում ստանում ենք վերոնշյալ թիվը։
Ավտոբուսի վարորդի մահվան ցավալի դեպքն ակտիվացրել է հանրային քննարկումները՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե ավտոբուսն ուղևորներով լի լիներ, արդյո՞ք հանրային տրանսպորտի վարորդները պատշաճ բուժզննություն անցնում են նախքան երթուղի դուրս գալը։
«Մեզ մոտ ամեն օր պարտադիր երթուղի դուրս գալուց առաջ վարորդները բուժզննում անցնում են մեր բուժակների կողմից»,- ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա Factor TV-ին փոխանցեց, որ վարորդները մինչ երթուղի դուրս գալը բուժզննությունն անցնում են առավոտյան ժամը 5-ից 6-ի հատվածում։
«Եթե չեմ սխալվում՝ 5-5:30-ից, 6-ից սկսած, այդ միջակայքում, որ մեքենան վերցնեն, դուրս գան սկզբնակետեր»,- ասաց նա։
Ուշագրավ է, որ «Երևան ավտոբուս»-ը որպես թիվ 22 համարի ավտոբուսի վարորդի հետ տեղի ունեցածի ժամանակահատված նշել էր առավոտյան 6:30-ը։
Ստացվում է՝ վարորդը մահացել է բուժզննում անցնելուց հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ բուժզննումն իրականացվել է թերի և առողջական խնդիրները հստակ չեն արձանագրվել՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունից հաստատում են՝ նախ վարորդի մահն է գրանցվել, հետո՝ վթարը։ Այս հարցերը Factor TV-ն ուղղեց «Երևան ավտոբուսի» մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին։
«Չեմ կարող ասել, դա մի քիչ մասնագիտական հարց է, մեզ մոտ բուժզննումը պարտադիր է, խմածության և ճնշման հետ կապված, ենթադրում եմ՝ այլ մեխանիզմներով, գուցե, երևար, քանի որ ժամանակային առումով կարճ ժամանակ է անցել»,- նշեց խոսնակը։
«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը Factor TV-ի հետ զրույցում մտահոգություններ է հայտնում իրականացվող բուժզննության որակի առնչությամբ։
«Ես չեմ ասում, որ այդ զննումն ամեն ինչ կկանխեր, բայց այդ զննումից պետք է ինչ-որ բան երևար, որ սրտի հետ կապված խնդիր ունի կամ ճնշումը բարձր է, ինչ-որ գործողություն պետք է արվեր։ Թե ինչու չի արվել, չեմ կարող ասել»,- ասաց Տիգրան Քեյանը։
ՀՀ օրենսդրությամբ հանրային տրանսպորտի վարորդների համար սահմանված է պարտադիր ամենօրյա նախաուղերթային բժշկական զննման պահանջ։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրող կազմակերպությունը պետք է ապահովի վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը։ Նույն օրենքի 21-րդ հոդվածով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է կազմակերպել վարորդների ամենօրյա բուժզննումը։ Մինչև երթուղի դուրս գալը վարորդի առողջական վիճակը պետք է ստուգվի, իսկ զննման փաստը պետք է համապատասխան նշագրումով արձանագրվի ճանապարհային թերթիկում։
Գեղամ Ասատրյանը Factor TV-ին փոխանցեց, որ ընկերությունը բուժակներ ունի, որոնք առավոտյան գալիս, բուժզննումն իրականացնում և գնում են։
«Բուժակները լինում են առավոտյան, երբ ավտոբուսները դուրս են գալիս երթուղի։ Օրվա մեջ մնալու իմաստ չկա»,- նշեց խոսնակը։
Տիգրան Քեյանը միայն առավոտյան անցկացվող բուժզննումը բավարար չի համարում։
«Միայն առավոտյան զննություն անցնի և դրանով թույլատրեն երթևեկել, կամ բժշկի հարցին՝ ո՞նց եք, ասի՝ լավ եմ, ու թողեն երթևեկության մեջ, սխալ է։ Պետք է ստուգումները պարբերաբար կատարվեն, որպեսզի պարզ լինի՝ մարդկանց կյանքերը վտանգի տա՞կ են, թե՞ ոչ»,-ասաց Քեյանը։
Նշենք, որ նախորդ տարիներին ևս միջադեպեր արձանագրվել են վարորդների առողջական խնդիրների պատճառով։ Այսպես՝ 2022 թվականի մարտի 28-ին Երևանի «Հաղթանակ» թաղամասում թիվ 77 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի 63-ամյա վարորդը վատ էր զգացել և մահացել ղեկին։ Մեքենան բախվել էր կայանված Opel-ին։ Նույն թվականի մայիսի 5-ին էլ թիվ 62 ավտոբուսի 51-ամյա վարորդը հանկարծամահ էր եղել Սարկավագի փողոցում։ Նա վատ էր զգացել կանգառում, կանգնեցրել ավտոբուսն ու մահացել։
2023 թվականի հունիսի 22-ին Կոմիտասի պողոտայում երթուղային միկրոավտոբուսի վարորդը մահացել էր վարելու ընթացքում, ինչից հետո մեքենան բախվել էր կայանված ավտոմեքենաներին։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին Կորյունի փողոցում ավտոբուսի վարորդը հանկարծամահ էր եղել ղեկին, ինչի հետևանքով ավտոբուսը կորցրել էր կառավարումը և բախվել մի քանի մեքենաների։
2026 թվականի օգոստոսին թիվ 18 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել էր վարելու ընթացքում։ Դեպքի հետևանքով վնասվել էր 10 ավտոմեքենա, իսկ վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս դեպքերից հետո էլ Երևանի քաղաքապետարանից ու ենթակայությամբ գործող ընկերությունից փոխանցում էին, որ վարորդները պատշաճ բուժզննում են անցել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան