Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Պուտինը բաց են եվրոպացիների հետ շփումների։ Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին նրանց ներգրավելու որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ նրանք գործնականում ցույց տան խաղաղության գործընթացին նպաստելու իրական պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել ենք, որ Պուտինը պատրաստ է և բաց է ցանկացած շփման համար։ Եթե եվրոպացիներն իսկապես ունեն որևէ մեկին, ով գոնե որոշակի լիազորություններ ունի բանակցելու համար, և եթե նրանք իսկապես նման ցանկություն ունեն, ապա, իհարկե, մենք պատրաստ կլինենք բանակցել։ Երբ հասկանանք նրանց իրական մտադրություններն ու խաղաղության գործընթացին նպաստելու պատրաստակամությունը, միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ ընդլայնված ձևաչափով երկխոսություն անցկացնելու վերաբերյալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հաղորդումները, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել ամենամոտ ժամանակներս՝ արդեն ընդլայնված ձևաչափով և եվրոպացիների մասնակցությամբ։
Նա պնդել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել եվրոպացիների հետ շփումներից։
«Ռուսական կողմը տարբեր մակարդակներում բազմիցս կրկնել է դա, և նախագահ Պուտինը երբեք չի եղել եվրոպացիների հետ հարաբերությունները խզելու նախաձեռնողը։ Այդ հարաբերություններից և երկխոսությունից հրաժարվել են հենց եվրոպացիները»,- նշել է նա։
Պեսկովը մեկնաբանել է նաև տեղեկությունը, թե բազմակողմ բանակցություններում Եվրոպան կարող է ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք չգիտենք, թե ինչ տեղեկության մասին է խոսքը։ Այժմ ամեն ժամ նոր տեղեկություններ են տարածվում, որոնցում բոլորովին տարբեր թեկնածուների անուններ են նշվում։ Հետևաբար, առայժմ հնարավորություն չունենք կոնկրետ որևէ բան ասել»,- պատասխանել է նա։
Միաժամանակ, Կրեմլի խոսնակն առանց մեկնաբանության է թողել այն հարցը, թե Մոսկվան ինչպես կվերաբերվեր Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի թեկնածությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ից 12-ն Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով ընթացած բանակցությունների արդյունքներով թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը համաձայնել են հաջորդ փուլում քննարկումներին ներգրավել եվրոպացի գործընկերներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի