Բրյուսելում քննարկվել են ՀՀ մաքսային համակարգի արդիականացման առաջնահերթությունները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում Համաշխարհային մաքսային կազմակերպության ղեկավար Յան Սոնդերսի հետ քննարկել է երկկողմ համագործակցության արդյունքներն ու հետագա առաջնահերթությունները։

Քննարկման ընթացքում կողմերն ամփոփել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև ձևավորված գործընկերության ընթացիկ ձեռքբերումները։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել մաքսային ծառայության մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման հիմնական ուղղություններին։

Էդուարդ Հակոբյանն առանձնահատուկ նշանակություն է տվել ՀՄԿ-ի կողմից Հայաստանին շարունակաբար տրամադրվող տեխնիկական և փորձագիտական օժանդակությանը։

ՊԵԿ ղեկավարը հատկապես ընդգծել է «Խելացի մաքսատուն» (Smart Customs) նախաձեռնության շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքները, որոնք ուղղված են մաքսային համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ռիսկերի կառավարման մեխանիզմների կատարելագործմանը և թվային սահմանի ներդրմանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև նախորդ և ընթացիկ տարիներին կազմակերպված մասնագիտական վերապատրաստումների արդյունքներն ու դրանց արդյունավետությունը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել մաքսանենգության դեմ պայքարի, ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ուղղություններով անցկացված դասընթացներին։

Կողմերը կարևորել են այդ ոլորտներում մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումը՝ Հայաստանի մաքսային ծառայության կարողությունների շարունակական ամրապնդման համատեքստում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ինչպես նաև Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։

Leave a comment