Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջադրվել է միայն Սպիտակում։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է 32-ամյա Արման Ավետիսյանը, որը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում, սակայն հայտարարագրել է բազմաթիվ անշարժ գույքեր Երևանում, Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում։
Թեկնածուի ներկայացրած դրամական միջոցները ներառում են մոտ 32․7 միլիոն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար, 750 հազար ռուսական ռուբլի և 13 հազար 919 եվրո, հայտնում է Factor.am-ը:
Ավետիսյանի հայտարարագրած եկամուտների աղբյուրների թվում են անշարժ գույքի և ավտոմեքենայի օտարումից ստացված գումարները, գույքի վարձակալության վճարները, բանկային ավանդից գոյացած եկամուտը, ինչպես նաև «Գեվտանիք» ՍՊԸ-ից ստացված միջոցները։ Բացի այդ, նա բանկից վերցրել է 19․9 միլիոն դրամի փոխառություն։
Թեկնածուն հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2020 թվականի արտադրության Hyundai Sonata և 2006 թվականի Mercedes-Benz։
Սպիտակի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» մրցակիցներն են լինելու «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։ Նույն ցուցակում ընդգրկվել է նաև նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը։
Ընտրություններին նախորդող շրջանում Սպիտակում արձանագրված իրադարձություններից մեկը հայտնվել է «Անկախ դիտորդ» դաշինքի ուշադրության կենտրոնում՝ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման կասկածների պատճառով։
Մասնավորապես, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համայնքապետարանի չորս աշխատակցի։ Նրանց թվում են եղել համայնքապետի տեղակալը և երեք բնակավայրերի վարչական ղեկավարները։
Միաժամանակ, համայնքի մյուս վարչական ղեկավարներին Նիկողոսյանը շրջաբերական է ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդ տրամադրելու դիմումներ չներկայացնել։
«Անկախ դիտորդ» դաշինքը գնահատել է, որ նշված պաշտոնանկությունները բավարար և պատշաճ հիմնավորում չեն ունեցել։ Դաշինքի դիտարկմամբ՝ նման գործողությունները կարող են զսպող ազդեցություն ունենալ համայնքապետարանի մյուս աշխատակիցների վրա՝ սահմանափակելով նրանց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելու հնարավորությունը։
Դիտորդական կազմակերպության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է ընտրական առավելություն ապահովել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Դաշինքը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման փաստը և հարցը տեղափոխել դատական հարթություն։
Դեպքի վերաբերյալ թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել։ Նոյեմբերի 12-ին հանձնաժողովն անցկացրել է կողմերի լսումները, իսկ համապատասխան որոշման հրապարակումը նախատեսվում է նոյեմբերի 13-ին։