Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ու եվրոպական ևս 35 երկրներ նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում համաձայնեցրել են Եվրոպայի անվտանգության «հիմնական սկզբունքները» և ամրագրել դրանք «խարտիայում»։ Նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
AFP գործակալության հաղորդմամբ՝ փաստաթուղթն ամրագրում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած գործող դրույթները և լրացնում դրանք նոր թեմաներով, մասնավորապես, հիբրիդային սպառնալիքներով։ Այսպես, փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» և հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։
«Խարտիայում» ներառված են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարը։
Մասնակից երկրները հայտարարել են, որ «եվրոպական երկրներն ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայի անվտանգության համար», ինչը «դրական ազդեցություն կունենա համաշխարհային և անդրատլանտյան անվտանգության վրա»։ Լրագրողների տեղեկություններով՝ «խարտիայի» տեքստին ծանոթացած անձինք նշել են, որ այն հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի և Եվրոպական միության մասին պայմանագրի վրա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կարևորել է այն հանգամանքը, որ «խարտիայում» հիշատակվում է ՆԱՏՕ-ն։ Նրա խոսքով՝ դաշինքին անհրաժեշտ կլինի «կայուն իրավիճակ ապահովել» Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ AFP-ի փոխանցմամբ՝ «խարտիայի» նախագծում նշվում է, որ «Եվրոպայի անվտանգությանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի եվրոպացիների հետ միասին»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ վերջին բանակցությունների ընթացքում, բացի հրադադարի հաստատման պայմաններից, քննարկվել է նաև Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը։ Եվրոպայում անվտանգության «նոր» ճարտարապետություն ստեղծելու օգտին է արտահայտվել նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում։
Հավելենք, որ Հայաստանը չի միացել այս փաստաթղթին։ Ֆրանսիայի նախագահականի մամուլի ծառայության համաձայն, որը ներկայացրել է Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքների վերաբերյալ հռչակագիրը, Հայաստանը փաստաթուղթը ստորագրող երկրների թվում չէ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի