Թոքաբորբը համար 1 ինֆեկցիոն մարդասպանն է. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն

«Թոքաբորբը թոքային հյուսվածքի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է թոքի կառուցվածքային միավորների՝ ալվեոլների ախտահարմամբ, ինչը բերում է գազափոխանակության խանգարմանը: Թոքաբորբերը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարածված են, դրանք ինչպես սուր սկսվում են, այդպես էլ սուր ավարտվում են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանը:

Էռնա Մելքոնյան

«Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ըստ էության, թոքաբորբը համար 1 ինֆեկցիոն մարդասպանն է, այսինքն՝ այն մահացության ցուցանիշով ամենաբարձրն է: Վերջին տվյալներով՝ թոքաբորբը տարեկան 2,5 միլիոն մարդու կյանք է խլում ամբողջ աշխարհում, որից շուրջ 600.000-ը մինչեւ 5 տարեկան երեխաներն են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարեւորվել է օր ունենալը՝ թոքաբորբին նվիրված, որպեսզի մասնագետները խոսեն դրա մասին, քննարկեն, գտնեն լուծումներ եւ կարողանան ավելի շատ կյանքեր փրկել»,- ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը:

Արմեն Օհանյան

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ին կարեւոր միջոցառում է անցկացվելու, որին ներգրավված են լինելու բժշկական հարակից ուղղությունների ներկայացուցիչները նույնպես, որոնք կարող են առնչվել թոքային հիվանդությունների հետ: Նախատեսված է նաեւ բժիշկ-մասնագետների հետ պանելային քննարկում, որը կամփոփվի ընդունվելիք փաստաթղթով: Արմեն Օհանյանի ձեւակերպմամբ՝ այդ փաստաթուղթը միտված կլինի առողջապահության նախարարությանը նոր առաջարկներ ներկայացնելուն, որպեսզի հարկ եղած դեպքում փոփոխություններ իրականացվեն գործող գործելակարգերում մոտեցումների առումով:

Քնարիկ Սարգսյան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերի 12-ը նախ եւ առաջ իրազեկման օր է, որպեսզի մարդիկ կարողանան ճանաչել եւ ունենալ ճիշտ գիտելիք թոքաբորբի մասին. «Հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաներն են հանդիսանում ռիսկի խումբ, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել երեխաներին եւ ռիսկի խմբում գտնվող մյուս անձանց, որպեսզի կարողանանք խուսափել բարդություններից եւ մահվան դեպքերից»:

Էռնա Մելքոնյանն ընդգծեց, որ հիմնական թիրախային խմբում են երեխաները, 65 պլյուս տարիքի մարդիկ, քրոնիկ հիվանդություններ, սիրտանոթային, իմունային համակարգի խնդիրներ, շաքարային դիաբետ, ճարպակալում ունեցող բուժառուները:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենն էլ նշեց, որ թոքաբորբի հարուցիչը պնեւմակոկն է, որի դեմ գոյություն ունի պատվաստանյութ: Նրա հավաստմամբ, վերջինս մեծ կիրառություն ունի Հայաստանում եւ աշխարհում: Արմեն Օհանյանը հավելեց, որ հեմոֆիլուս հարուցիչի դեմ եւս ունենք պատվաստանյութ, որը կարող է կանխարգելել բարդությունները եւ խնդիրները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment