Հայհոյանք, փոխադարձ վիրավորանքներ․ ժամեր առաջ տրոլեյբուսի ու մարդատար մեքենայի վարորդները ԱԺ ոճով «մաստեր կլաս» են ցույց տվել

Երևում է՝ Ազգային ժողովի բարքերը վատ են անդրադառնում հասարակ քաղաքացիների վրա, քանի որ նրանք շատ արագ ընդօրինակում են նրանց պահվածքը և կիրառում միմյանց նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ ԱԺ բարքերն իջել են փողոց։

Որոշ ժամանակ առաջ Երևանում Ազգային ժողովի պատգամավորներից սերտած դասի «մաստեր կլաս» են ցույց տվել մայրաքաղաքի տրոլեյբուսային երթուղին սպասարկող 2-րդ համարի տրոլեյբուսի և մասնավոր մարդատար մեքենայի վարորդները։ Լավ է, բանը ծեծկռտուքի չի հասել, առավել ևս՝ աթոռ նետելու։

Պատկերացնո՞ւմ եք՝ տրոլեյբուսի նստատեղերը պոկեին ու նետեին միմյանց վրա,  հատկապես, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լիովին արդարացրել է աթոռը պատգամավորների ուղղությամբ նետելու իր արարքը և հայտարարել, որ առիթի դեպքում նորից դա կաներ։ Եվ ընդհանրապես՝ ՔՊ-ական պատգամավորներն արդարացված են համարում ծեծին ծեծով, ագրեսիային ագրեսիայով պատասխանելու քայլը և դրանում որևէ քրեորեն պատժելի արարք չեն տեսնում։ Բարեբախտաբար՝ երկու վարորդների բախումը սահմանափակվել է հայհոյանքներով, թքելով և թեթև քաշքշուկով։ Համենայն դեպս՝ ըստ ականատեսների։

 

Ի դեպ, ըստ որոշ ականատեսների պատմածի՝ մարդատար մեքենան «Շևրոլե» մակնիշի է եղել, բայց «Երևանի էլեկտրատրանսպորտի» գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը, որը մեզ մանրամասներ պատմեց դեպքի մասին, ասաց, թե այլ ականատեսների պատմածով մեքենան ուրիշ մակնիշի է եղել, բայց չհստակեցրեց՝ նշելով, որ ավելի ուշ ոստիկանությունը ստույգ տեղեկություն կհաղորդի։

 

Գլխավոր ճարտարագետի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում, որտեղով անցնելիս 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդը՝ ցանկանալով շարունակել ընթացքը, լուսարձակները թարթելով, լուսային ազդանշանով ճանապարհ է խնդրել իր ընթացքը փակած մարդատար մեքենայի վարորդից։ Սակայն մարդատար մեքենայի վարորդը միանգամից վրդովվել է դրանից և սկսել վիրավորել տրոլեյբուսի վարորդին, հետո երկուսով իջել են մեքենաներից և սկսել վիճաբանել, իսկ հետո բանը հասել է նաև քաշքշուկի։ Ըստ որոշ ականատեսների՝ մարդատար մեքենայի վարորդը մինչ այդ նաև թքել է տրոլեյբուսի վարորդի վրա՝ նրան հունից հանելով։

 

Ասքանազ Պետրոսյանի հավաստմամբ՝ տրոլեյբուսի ուղևորներն են միջամտել, որ վեճը չշարունակվի և վերածվի ծեծկռտուքի։

 

Նրանք հանգստացրել են տրոլեյբուսի վարորդին ու հորդորել վերադառնալ և շարունակել ճանապարհը։ Ավելի ուշ ոստիկաններ են ժամանել ավտոպարկ, զրուցել տվյալ վարորդի հետ և հետո գնացել դեպքի հետքերով։ «Խուլիգանության հատկանիշներով երևույթի հետ գործ ունենք, բայց մյուս կողմին էլ պետք է լսել՝ հասկանալու համար, թե իրականում ինչից է սկսվել վեճը, ով կամ ովքեր են մեղավոր։ Այս պահին դեպքին հստակ գնահատական տալը դժվար է»,- ասաց պարոն Պետրոսյանը։

 

Մեր հարցին, թե արդյոք հանրային տրանսպորտի վարորդների համար գործող էթիկայի կանոններով նա ամեն կերպ չպետք է խուսափեր նման պատմության մեջ հայտնվելուց, պարզապես անտեսեր մարդատար մեքենայի վարորդի ագրեսիան և դեպքի մասին միանգամից հայտներ իրավապահներին, Ասքանազ Պետրոսյանն պատասխանեց, որ մարդու բնավորությամբ, խառնվածքով պայմանավորված՝ երբեմն հնարավոր չի լինում սառնասիրտ ու հանդուրժող լինել նման դեպքերում։ «Մարդատարի վարորդը հրավիրել է տրոլեյբուսի վարորդին, ասել է՝ արի խոսենք։ Վարորդն էլ մտածել է՝ երկու բառ են փոխանակելու, ինքն էլ ցանկացել է պարզել, թե ինչից էր մարդատարի վարորդն այդքան վրդովվել, և գնացել է ընդառաջ։ Մանր կենցաղային վիճաբանության նման մի բան է եղել»,- դեպքն այսպես մեկնաբանեց «Երևանի էլեկտրատրանսպորտի» գլխավոր ճարտարագետը։

 

Ամեն դեպքում նա ընդունեց, որ աշխատանքային պարտականությունները ցանկացած բնավորության գծից ու խառնվածքից առաջնային են, բայց նաև ասաց, որ պետք է հաշվի առնել, թե դիմացինն ինչով է հարուցել մյուս վարորդի զայրույթը, որ նա էլ չի դիմացել ու պոռթկացել է։ «Դա պարզ կլինի դեպքի քննությունից հետո։ Անկախ նրանից՝ վարորդ է, թե ով է, եթե մեկը գալիս ու ապտակում է քեզ, դու պիտի պաշտպանվես, եթե անգամ վիրավորում է, պետք է բացատրես, չէ՞ թե ինչում է հարցը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, թե իրենց վարորդները գերազանց տիրապետում են իրենց պարտականություններին ու էթիկայի կանոններին, լավ գիտեն՝ ինչպես պետք է իրենց դրսևորեն ուղևորների հանդեպ, ինչպես վարվեն հանրային վայրերում, բայց կարող է դիմացինն այնպես հունից հանի վարորդին, որ նա կորցնի ինքնատիրապետումը։

 

Ամեն դեպքում՝ հանրային տրանսպորտի բարեփոխումը նախատեսում է նաև վարորդների վարքի բարեփոխում։ Նախկին երթուղայինների ծխող, կռվող, ուղևորներին վիրավորող, անհասկանալի ու փնթի հագուկապով, չսափրված վարորդներին խոստանում էին փոխարինել բարեկիրթ, զուսպ, հավասարակշռված, մաքուր հագուկապով, տրանսպորտային միջոցը վարելիս չծխող, ուղևորների հետ վեճի չբռնվող, նրանց չվիրավորող վարորդներով։ Մեծ հաշվով՝ այդ մետամորֆոզը տեղի է ունեցել, սակայն երբեմն անցյալից որոշակի արձագանքներ ենք լսում, թե այսինչ տրանսպորտային միջոցի վարորդը վիրավորել է ուղևորին, վեճի բռնվել նրա հետ։ Նաև այս հատուկենտ դրսևորումներն է հարկավոր բացառել՝ առանց այն էլ գերնյարդային երթևեկությունն ավելի սթրեսային չդարձնելու համար։

 

Այս դեպքում, թերևս, ճիշտ կլիներ, որ վարորդը զսպեր իր հույզերը՝ պայմանավորված իր անձին հասցված վիրավորանքներով, քանի որ հանրային տրանսպորտի ղեկին էր գտնվում՝ աշխատանքի մեջ, և շարունակեր ճանապարհը, այլ ոչ թե կանգնեցներ մեքենան՝ ընդհատելով բնականոն երթևեկությունը, ուղևորներին անորոշ ժամանակով սպասեցնել տալով և նման տհաճ պատմության ակամա ականատես դարձնելով։ Մարդատար մեքենայի վարորդը ևս պատասխանատու է իր ոչ պատշաճ վարքի համար, բայց նա, նկատենք, աշխատանքի մեջ չէր այդ պահին և իր աշխատանքային պարտավորությունները չէր կատարում։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment