ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցը տեղի է ունեցել Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից մեկ օր անց։
Ամերիկյան պատվիրակության հիմնական նպատակներն են եղել ռազմագերիների փոխանակման հարցի քննարկումը և Մոսկվային համոզելը, որ եվրոպական երկրները նույնպես պետք է մասնակցեն մայրցամաքում անվտանգության նոր համակարգի ձևավորման շուրջ բանակցություններին։ Ամերիկացի ներկայացուցիչների և Ռուսաստանի նախագահի հանդիպումը տևել է մոտ երկուսուկես ժամ, հայտնում է BBC-ն:
Բանակցությունների ավարտից հետո Ուիթքոֆը կարճ մեկնաբանություն է տվել CNN հեռուստաընկերությանը՝ ակնարկելով, որ կողմերը համաձայնության են հասել եռակողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու հարցում։
«Կարծում եմ՝ այսօր առաջընթաց ենք արձանագրել։ Աբու Դաբիում… Մարդիկ նույնիսկ կարծում էին, թե մեզ չի հաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները, սակայն մենք ոչ միայն վերսկսել ենք դրանք, այլև պայմանավորվել ենք նոր հանդիպման շուրջ», — հայտարարել է Ուիթքոֆը։
Իր հերթին Ջարեդ Քուշները նույնպես դրական է գնահատել քննարկումների արդյունքները։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մենք բոլոր թեմաների շուրջ շատ ընդգրկուն և մանրամասն քննարկումներ ենք անցկացրել, որոնք, հուսով եմ, հիմք կդառնան հաջորդ բազմակողմ բանակցությունների համար», — ասել է Քուշները։
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել նոյեբերի 12-ի առավոտյան։ Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այս անգամ ևս նրանց դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Քուշները ներկայացրել է Մոսկվա կատարելիք այցի երկու հիմնական նպատակները։ Առաջինը Պուտինի հետ ռազմագերիների փոխանակման հարցի քննարկումն է եղել, երկրորդը՝ Ռուսաստանի նախագահին համոզելը, որ եվրոպացիները նույնպես ներգրավվեն բանակցային գործընթացում։
Ավելի վաղ բանակցությունների բոլոր մասնակիցները հայտնել են, որ գերիների փոխանակման վերաբերյալ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել, սակայն մանրամասներ չեն հրապարակել։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պուտինի և ամերիկյան ներկայացուցիչների հանդիպումը բնութագրել է որպես «բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար, ինչպես, ի դեպ, բոլոր նախորդ զրույցները»։
Ուշակովի տեղեկացմամբ՝ ներկայում համաձայնեցվում են նաև ռազմագերիների «ամենամասշտաբային» փոխանակման պայմանները։
Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ Միացյալ Նահանգների հետ համատեղ քննարկումներ սկսել եվրոպական անվտանգության վերաբերյալ առաջարկների շուրջ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս հարցում ունի «նոր նկատառումներ»։
Ուշակովը նաև նշել է, որ Կրեմլում ակնկալում են, որ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ հանդիպումից ստացած «ազդակները կփոխանցեն» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ամերիկացի ներկայացուցիչների՝ Մոսկվայում նախատեսված հանդիպումից «շատ բան կախված կլինի»։
«Իհարկե, մենք ցանկանում ենք արդյունքների հասնել մինչև տարեվերջ և, բնականաբար, կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար», — ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ Վաշինգտոնի համար նույնպես կարևոր է ընթացիկ տարում կոնկրետ արդյունքներ արձանագրելը։
Պուտինի, ամերիկացի բանագնացների և Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Աբու Դաբիում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպման՝ լրատվամիջոցների համար բաց հատվածում Պուտինը Քուշներին և Ուիթքոֆին խնդրել է Դոնալդ Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը «ուկրաինական կողմի հետ մեր շփումները կազմակերպելու համար»։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Ալեշկիում, որի ուկրաինական անվանումն Օլեշկի է, մարդասիրական առաքելության կազմակերպմանը մասնակցելու համար։
Պուտինը նաև առաջարկել է նմանատիպ մարդասիրական գործողություն իրականացնել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմին անհրաժեշտ կլինի հինգ օր՝ քաղաքն ականազերծելու համար։
Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինը, արձագանքելով այդ առաջարկին, հիշեցրել է, որ նախորդ հրադադարը ռուսական բանակն օգտագործել է զինծառայողների հերթափոխ և ռազմական տեխնիկայի տեղափոխում իրականացնելու նպատակով։
«Դե, հաշվի առնելով, որ Օլեշկիում նրանք մարդասիրական գործողության քողի տակ ռազմական տեխնիկա են մտցրել և զինծառայողների հերթափոխ իրականացրել, պարզ է, թե ինչ են ցանկանում Կոնստանտինովկայում։ Բայց անհրաժեշտ է պարզել բոլոր մանրամասները», — ասել է Լիտվինը։
Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ ամերիկացի բանակցողները ակտիվորեն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում մարդասիրական գործողություն անցկացնելու Պուտինի առաջարկին։
Ռուսաստանի նախագահն ամերիկացի ներկայացուցիչներին նաև հայտնել է, որ նրանց գնահատականները՝ ներկայացված «եվրոպական տեսանկյունից», կարևոր նշանակություն ունեն Մոսկվայի համար։
Քուշներն ու Ուիթքոֆը պատասխանել են, որ եվրոպական երկրներում նկատում են Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու և բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն։ Նրանք նաև տեղեկացրել են, որ եվրոպացի գործընկերների հետ արդեն սկսել են քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցերը։
Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայի հետ երկխոսությունը դադարեցվել է եվրոպացիների, այլ ոչ թե Մոսկվայի մեղքով։ Նա ցանկություն է հայտնել, որ Միացյալ Նահանգներն աջակցեն Եվրոպային՝ հստակեցնելու՝ արդյոք վերջինս խաղաղություն է ցանկանում, թե պատերազմ։
Հանդիպման բացման խոսքում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև տարածքային հարցերին։
Պուտինի հայտարարությամբ՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ գոյություն ունի սահմանազատման միայն մեկ գիծ՝ պետական սահմանը։ Ռուսաստանի Սահմանադրության գործող խմբագրությամբ Մոսկվան Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ուկրաինական մարզերը համարում է Ռուսաստանի Դաշնության մաս։
Նախորդ հանդիպումների համեմատ՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների հիմնական ուղղվածությունը փոխվել է։ Եթե նախկինում ուշադրության կենտրոնում եղել են ռազմական լարվածության անհապաղ նվազեցումը, հնարավոր խաղաղության պայմանագիրը և տարածքային խնդիրները, ապա այժմ առաջնային է դարձել Եվրոպայում «անվտանգության ճարտարապետության» ձևավորումը։
Ամերիկյան Axios պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Աբու Դաբիում հանդիպման սկզբնական փուլն անցել է լարված և զգացմունքային մթնոլորտում։
Սակայն Քուշներին և Ուիթքոֆին հաջողվել է մեղմել իրավիճակը՝ պարզաբանելով, որ բանակցությունների նպատակը տարբեր լուծումներ մշակելն է, որոնք հետագայում հնարավոր կլինի ներկայացնել երկրների նախագահներին։
Պարբերականի զրուցակիցներից մեկի գնահատմամբ՝ դրանից հետո քննարկումները դարձել են ավելի կառուցողական։
Սպիտակ տունը մտադիր է զուգահեռաբար քննարկել Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ձևավորումը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
Միևնույն ժամանակ ամերիկյան մոտեցման համաձայն՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն պատերազմի ավարտից հետո։
Axios-ի աղբյուրը բացատրել է, թե ինչու է անվտանգության հարցը դարձել բանակցությունների առանցքային բաղադրիչներից մեկը։
«Զելենսկին չի հաստատի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ չիմանա, թե ինչ է լինելու անվտանգության երաշխիքների հետ, և Պուտինը նույնպես ցանկանում է դա իմանալ։ Այդ պատճառով անվտանգության հարցն այդքան կարևոր է», — նշել է աղբյուրը։
Նույն զրուցակիցը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին թույլ չեն տա վետոյի իրավունք ունենալ եվրոպական անվտանգության հարցերում։
Բացի այդ, Վաշինգտոնը չի համաձայնի որևէ գործարքի, եթե այն ընդունելի չլինի եվրոպական երկրների և Ուկրաինայի համար։
Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո, որոնք փետրվարից ի վեր առաջին նման հանդիպումն են եղել, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ամերիկացիների հետ որոշ հարցերում հաջողվել է փոխըմբռնման հասնել, իսկ մյուսներում՝ ոչ։
Մեդինսկին կոշտ քննադատության է ենթարկել Եվրոպային՝ Կիևին սպառազինություն մատակարարելու պատճառով մեղադրելով նրան «ուկրաինացի ժողովրդին խաբելու» մեջ։ Աբու Դաբի ժամանած եվրոպական երկրների ներկայացուցիչներին նա անվանել է «զբոսաշրջիկներ»։
Եվրոպական պատվիրակությունները եռակողմ բանակցություններից առաջ և դրանց ավարտից հետո առանձին ճեպազրույցներ են անցկացրել ամերիկյան ու ուկրաինական պատվիրակությունների հետ։
Մեդինսկին հայտարարել է, որ եվրոպացիները կարող են բանակցությունների սեղանի շուրջ հայտնվել միայն այն ժամանակ, երբ «նրանց խիղճն արթնանա»։
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Նրա գնահատմամբ՝ եվրոպացիների ներգրավումը բանակցություններին կարող է հանգեցնել օգտակար ջանքերի ձախողման։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Քուշներն ու Ուիթքոֆը ռուսական պատվիրակությանը բացատրել են, որ Եվրոպայի անվտանգության խնդիրների շուրջ լուրջ բանակցություններ անցկացնելու համար Մոսկվան պետք է համաձայնի ապագա քննարկումներին եվրոպական երկրների մասնակցությանը։
Չնայած ռուսական կողմի կոշտ հայտարարություններին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ռուսաստանում, ըստ երևույթին, սկսել են հասկանալ՝ առանց եվրոպացիների մասնակցության հնարավոր չէ քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը։
«Սա առաջին հերթին լավ նորություն է», – հայտարարել է Մերցը՝ հավելելով, որ շատ բան կախված կլինի առաջիկա օրերին նախատեսված հանդիպումներից։
Axios-ի տեղեկություններով՝ Աբու Դաբիում ռուսական պատվիրակությունը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառներից մեկը համարել է 2021 թվականին ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Պուտինի նամակին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի պատասխանի բացակայությունը։
Պարբերականի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Քուշներն ու Ուիթքոֆը ռուսական կողմին պատասխանել են, որ 2021 թվականից ի վեր աշխարհը զգալիորեն փոխվել է։
Այդ ժամանակ Մոսկվան վերջնագրային պահանջներ է ներկայացրել Վաշինգտոնին՝ պահանջելով հրաժարվել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք և դաշինքի զորքերը դուրս բերել այն պետություններից, որոնք անդամակցել են 1997 թվականից հետո։ Այդ երկրների թվում են Լեհաստանը, Հունգարիան, Խորվաթիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Բուլղարիան։
Axios-ի տվյալներով՝ Աբու Դաբիում ամերիկացի բանագնացները ռուսական կողմին առաջարկել են մշակել նոր փաստաթուղթ, որտեղ պետք է ներկայացվեն Մոսկվայի անվտանգության մտահոգություններն ու պահանջները։
Միաժամանակ առաջարկվել է, որ այդ փաստաթուղթը ներառի նաև Ռուսաստանի կողմից իրականացվելիք «համաչափ քայլերը»՝ ուղղված լարվածության նվազեցմանը։ Ամերիկյան կողմի պատկերացմամբ՝ նման քայլերը պետք է նպաստեն եվրոպական երկրների վստահության բարձրացմանը և համոզեն նրանց, որ Ռուսաստանն ապագայում ռազմական հարձակումներ չի իրականացնի։
Աբու Դաբիում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ջարեդ Քուշները ներկայացրել է ռուսական պատվիրակության հետ քննարկումների բովանդակությունը։
«Մենք ռուսական պատվիրակությանը ասել ենք՝ ակնհայտ է, որ նրանք ունեն իրենց ցանկություններն ու մտահոգությունները, և մենք կարողացել ենք դրանք քննարկել։ Եթե ցանկանում եք, որ Եվրոպան դրական ընդունի ձեր առաջարկները, պետք է ներկայացնեք լարվածության նվազեցման այլ տարբերակներ, այլ առաջարկներ», — ասել է Քուշները։
Նա նաև անդրադարձել է բանակցությունների մասնակիցների միջև առկա փոխադարձ անվստահությանը։
«Այս պահին կողմերը միմյանց չեն վստահում, և նման հակամարտությունից հետո դա սպասելի է», — պարզաբանել է ամերիկացի ներկայացուցիչը։
Ամփոփելով Աբու Դաբիում տեղի ունեցած քննարկումները՝ Քուշները դրական է գնահատել բանակցությունների մեկնարկը։
«Կարծում եմ՝ սա լավ առաջին քայլ էր», — եզրափակել է նա։