ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածներից զերծ է մնում Պարսից ծոցի երկրների խնդրանքով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի դեմ ավելի կոշտ ռազմական գործողություններ ձեռնարկելուց զերծ է մնում Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների խնդրանքով։

Պատասխանելով հարցին, թե ինչու ԱՄՆ-ն դեռ վերջ չի դրել Իրանի հետ հակամարտությանը՝ Թրամփն ասել է, որ կարող էր դա անել անմիջապես, սակայն նախընտրել է ավելի մեծ զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով տարածաշրջանային դաշնակիցների դիրքորոշումները։

«Ես կարող էի անմիջապես վերջ դնել դրան։ Այն երկրների խնդրանքով, որոնց փորձում եմ պաշտպանել, մենք ընտրել ենք մի փոքր ավելի երկար և քաղաքակիրթ ճանապարհ։ Սաուդյան Արաբիան ինձ խնդրեց․ «Խնդրում ենք, պարզապես թողեք ամեն ինչ այնպես, ինչպես կա, որոշ ժամանակով»», – ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրող Սթիվեն Ա․ Սմիթի հետ զրույցում։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ նմանատիպ խնդրանքներով են հանդես եկել նաև Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Թրամփն ընդգծել է, որ եթե չլինեին այդ խնդրանքները, Վաշինգտոնն ավելի լայնածավալ գործողություններ կձեռնարկեր Իրանի դեմ։ «Մենք արդեն շատ հեռու ենք գնացել։ Մենք հարվածներ ենք հասցրել նրանց, սակայն, մեծ մասամբ, կամուրջները անձեռնմխելի ենք թողել։ Մենք, այնուամենայնիվ, ոչնչացրինք մեկ խոշոր կամուրջ, քանի որ նրանք շատ վատ էին պահում իրենց, սակայն խնայեցինք էներգետիկ ենթակառուցվածքներն ու արտադրական օբյեկտները։ Մենք ընդհանրապես չենք հարձակվել նրանց էներգետիկ ոլորտի վրա», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Leave a comment