Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ից. Ընկերությունը հարյուրավոր միլիարդների կորուստներ է կրել

Արհեստական բանականության չիպերի համաշխարհային առաջատար Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել՝ ընկերության ապագան թողնելով անորոշության մեջ, գրում է BBC-ն:

Նա լքել է պաշտոնը՝ իր արտաամուսնական կապերի վերաբերյալ նոր մեղադրանքների հրապարակումից հետո։ Ընկերությունը հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ՝ փորձելով հաղթահարել ղեկավարի ենթադրյալ երկու արտաամուսնական հարաբերությունների մասին տեղեկությունների հետևանքները։ Սկանդալի սկսվելուց ի վեր Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան կես տրիլիոն դոլարով։

Ընկերությունը տեղեկացրել է, որ ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը ժամանակավորապես ստանձնելու է գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները, մինչև մշտական իրավահաջորդի ընտրությունը։ Միաժամանակ տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Synopsys-ի նախկին գլխավոր տնօրեն և Nvidia-ի խորհրդի անդամ Հարվի Ջոնսը։

Հուանգը, որը Nvidia-ի համահիմնադիրներից է և ընկերության բաժնետոմսերի չորրորդ խոշորագույն սեփականատերը՝ մոտ 3․61 տոկոս մասնաբաժնով, հեռանալու է նաև տնօրենների խորհրդից։

Ավելի վաղ Nvidia-ի տնօրենների խորհուրդը նիստ է անցկացրել՝ քննարկելու Հուանգին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը։

Ընկերության կանոնադրության համաձայն՝ տնօրենների խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ Հուանգը կարող է հեռացվել «պատճառի նշումով կամ առանց դրա»։ Nvidia-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է 11 անդամից, որոնցից բոլորը, բացի Հուանգից, համարվում են անկախ։

Նոյեմբերի 8-ին տնօրենների խորհուրդը վստահություն էր հայտնել Հուանգին և նրա ղեկավարած թիմին։ Սակայն դրանից մեկ օր առաջ ընկերությունը ներգրավել է խոշոր իրավաբանական կազմակերպության՝ հետաքննելու Հուանգի ենթադրյալ սիրային կապը մի կնոջ հետ, որը, ըստ տարածված տեղեկությունների, աշխատում է Չինաստանի հետախուզության համար։ Գործով քննություն է իրականացնում նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ ՀԴԲ-ն։

New York Times պարբերականը տեղեկություններ է հրապարակել Հուանգի ևս մեկ արտաամուսնական հարաբերության մասին։ Ըստ հրապարակման՝ նա սիրային կապ է ունեցել ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող և անմիջականորեն իրեն ենթարկվող աշխատակցուհիներից մեկի հետ։

Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը Nvidia-ի առողջապահության ուղղության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի մասին է։ Լրագրողները հղում են կատարել ընկերությունում աշխատած հինգ անձանց։ Փաուելը, որին դիմել են մեկնաբանություն ստանալու համար, հրաժարվել է լրագրողների հետ զրուցելուց։

Wall Street Journal-ը և Financial Times-ը հայտնել են, որ նոր բացահայտումը տնօրենների խորհրդին դրդել է վերանայել Հուանգի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում մնալու հարցը։ Միաժամանակ ամերիկացի օրենսդիրները սկսել են պահանջել Չինաստան չիպերի արտահանման նկատմամբ ավելի խիստ սահմանափակումների կիրառում։

Պեկինը, իր հերթին, Միացյալ Նահանգներին մեղադրել է Չինաստանի դեմ տեխնոլոգիական շրջափակում իրականացնելու նպատակով լրտեսության վերաբերյալ կեղծ մեղադրանքներն օգտագործելու մեջ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ինչ վերաբերում է Չինաստանի կողմից այսպես կոչված լրտեսության մեղադրանքներին, մենք արդեն հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը։ Չինաստանի գիտատեխնիկական առաջընթացը հիմնված է ինքնուրույն նորարարությունների և բաց համագործակցության վրա։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն այսպես կոչված լրտեսական պատմությունների հորինումը՝ տեխնոլոգիական շրջափակումներ սահմանելու համար պատրվակներ փնտրելով»։

Սկանդալի խորացման հետևանքով Nvidia-ի բաժնետոմսերը բորսայական հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո գրեթե 7․5 տոկոս անկում են գրանցել։ Աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկի շուկայական արժեքը, որը գագաթնակետին հասել է մոտ 4․5 տրիլիոն դոլարի, սկանդալի սկզբից կրճատվել է մոտ 600 միլիարդ դոլարով։

Nvidia-ի բաժնետոմսեր տնօրինող Minotaur Capital ներդրումային ընկերության համահիմնադիր և պորտֆելային կառավարիչ Արմինա Ռոզենբերգը Reuters-ին հայտնել է, որ ներդրողները Հուանգի հեռացումն արդեն դիտարկում են որպես հավանական զարգացում, այլ ոչ թե ծայրահեղ քիչ հավանական ռիսկ։

«Շուկան սկսում է Nvidia-ի բաժնետոմսերի գնի մեջ հաշվի առնել ընկերության հիմնադրի հեռացումը՝ որպես հավանական ելք, այլ ոչ թե որպես չափազանց քիչ հավանական ռիսկ։ Ջենսենի կորուստն իսկական հարված կլիներ», — հայտարարել է Ռոզենբերգը։

Ներդրումային շուկայի սպասումների փոփոխությունն արտացոլվել է նաև Polymarket կանխատեսումների հարթակում։ Այնտեղ մինչև տարեվերջ Հուանգի հրաժարականի կամ պաշտոնանկության հավանականությունը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 88 տոկոսի։

Մի շարք առաջատար ներդրումային կազմակերպություններ նվազեցրել են Nvidia-ի բաժնետոմսերի վերաբերյալ իրենց գնահատականները։ Դրա պատճառ են դարձել կորպորատիվ կառավարման շուրջ աճող մտահոգությունները, որոնք կապված են ընկերության գլխավոր տնօրենի հնարավոր հեռացման հետ։

Մասնավորապես, Baird և Bernstein Research ֆինանսական կազմակերպությունները վերանայել են Nvidia-ի բաժնետոմսերի վերաբերյալ իրենց կանխատեսումները՝ դրանք նվազեցման ուղղությամբ փոփոխելով։

Bernstein-ի առաջատար վերլուծաբան Սթեյսի Ռասգոնը բաժնետոմսերի նպատակային գինը կրճատել է երկու անգամ։ Իր գնահատականում նա նշել է. «Մեր ներքին զգացողությունը հուշում է, որ մենք, հավանաբար, դեռ ամբողջությամբ չենք գիտակցել այն ամենի խորությունը, ինչը կարող է բացահայտվել այս իրավիճակում», — գրել է նա։

Citi ֆինանսական կազմակերպությունը նույնպես նվազեցրել է Nvidia-ի բաժնետոմսերի նպատակային արժեքը։ Ընկերության վերլուծաբանները ղեկավարության փոփոխությունը համարել են բաժնետոմսերի վրա լրացուցիչ ճնշում գործադրող հանգամանք՝ հաշվի առնելով Հուանգի առանցքային դերակատարությունը։

«Ղեկավարության փոփոխությունը ճնշում է գործադրում բաժնետոմսերի վրա՝ հաշվի առնելով նրա առանցքային դերը ռազմավարության մշակման, արտադրանքի հայեցակարգի ձևավորման, հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և ներդրողների վստահության ամրապնդման գործում», — գրել են Citi-ի վերլուծաբանները։

Վերլուծաբանները նաև զգուշացրել են, որ Չինաստան և Հարավարևելյան Ասիայի տվյալների մշակման կենտրոններ միկրոսխեմաների մատակարարման հնարավոր սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ Nvidia-ի կարճաժամկետ վաճառքների վրա։

Բաժնետոմսերի վարկանիշների նվազեցումը ներդրողներին զգուշավորության ազդակ է փոխանցել՝ մատնանշելով ընկերության առջև ծառացած ռիսկերը։ Այդուհանդերձ, բրոքերային կազմակերպությունների մեծ մասը շարունակել է Nvidia-ի բաժնետոմսերը գնելու առաջարկությունը։

Ներդրողներն ու ոլորտի փորձագետները նշել են, որ մոտակա ժամանակահատվածում Nvidia-ի չիպերի նկատմամբ պահանջարկի էական անկում քիչ հավանական է։ Սակայն ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ազդել նաև նրա տեխնոլոգիաներից կախված այլ կազմակերպությունների վրա, առաջին հերթին՝ այն հաճախորդների, որոնք կառուցում են Nvidia-ի չիպերով աշխատող տվյալների մշակման կենտրոններ։

Սինգապուրում գործող Vantage Point Asset Management ընկերության ներդրումային տնօրեն Նիք Ֆերեսը ստեղծված իրավիճակի վերաբերյալ նշել է. «Նրանք ֆինանսավորում են իրենց հաճախորդներին։ Նման վերելքների կամ ֆինանսական փուչիկների պայմաններում երբեմն բավական է միայն աճի տեմպերի դանդաղումը, որպեսզի իրավիճակն անցնի անկման փուլ», — ասել է Ֆերեսը։

Nvidia-ն համարվում է արհեստական բանականության ոլորտի արագընթաց զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Ընկերությունը ներկայացվում է որպես արհեստական բանականության գործիքներում կիրառվող համակարգչային չիպերի միակ արտադրողը։

Նրա արտադրած միկրոսխեմաները վճռորոշ նշանակություն ունեն տեխնոլոգիական բազմաթիվ ուղղությունների համար՝ տեսախաղերից և ինքնավար տրանսպորտային միջոցներից մինչև տվյալների մշակման հսկայական կենտրոններ ու ամպային սերվերներ։

Առանձնահատուկ նշանակություն ունեն այդ չիպերն արհեստական բանականության ոլորտում համաշխարհային տեխնոլոգիական մրցակցության համար։ Դրանք օգտագործվում են արհեստական բանականության համակարգերի աշխատանքի ապահովման նպատակով, այդ թվում՝ խոշոր լեզվային մոդելներում և գեներատիվ արհեստական բանականության լուծումներում։

Ամենահզոր արհեստական բանականության համակարգերի ստեղծման մրցավազքում Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը Չինաստանն է։ 2022 թվականից Վաշինգտոնը սահմանափակումներ է կիրառել Nvidia-ի ամենաառաջադեմ միկրոսխեմաների՝ Չինաստան արտահանման նկատմամբ։

Ամերիկյան իշխանությունները սահմանափակումները հիմնավորել են ազգային անվտանգության նկատառումներով՝ պնդելով, որ այդ տեխնոլոգիաների մատակարարումները կարող են նպաստել Չինաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սահմանափակումների մի մասը մեղմացվել է։

Հուանգի հեռացումը կարող է ղեկավարության լուրջ բաց առաջացնել Nvidia-ում։ Ընկերության բաժնետոմսերի մոտ 3․6 տոկոսը տնօրինող 63-ամյա գործարարը հստակ իրավահաջորդ չի ունեցել։ Նա անձամբ վերահսկել է տասնյակ բարձրաստիճան ղեկավարների աշխատանքը՝ պահպանելով ընկերության կառավարման խիստ կենտրոնացված համակարգ։

Bloomberg գործակալությունը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրի, հայտնել է, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը համագործակցում է արտաքին մասնագիտացված կազմակերպության հետ՝ Հուանգին փոխարինելու հնարավոր թեկնածուներ գտնելու նպատակով։

Հավանական իրավահաջորդների թվում գլխավոր հավակնորդներից մեկը համարվել է Իան Բաքը, որը ղեկավարում է Nvidia-ի տվյալների մշակման կենտրոնների ոլորտի հաճախորդների սպասարկման ուղղությունը։

ԱՄՆ Կոնգրեսում նույնպես մեծ ուշադրություն է դարձվել Հուանգի շուրջ առաջացած սկանդալին։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող երեք հանձնաժողովների նախագահներ՝ Բրայան Մաստը, Ջոն Մուլենարը և Ռիք Քրոուֆորդը, դիմել են Ջենսեն Հուանգին՝ առաջարկելով նոյեմբերի 18-ին մասնակցել փակ ճեպազրույցի։

Կոնգրեսականները ցանկացել են պարզաբանումներ ստանալ Էլիս Հուանգի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ տարածված կասկածների, կարող է կապված լինել Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Օրենսդիրներին հետաքրքրել են նաև այն միջոցները, որոնք Nvidia-ն ձեռնարկել է օտարերկրյա հետախուզական ներթափանցումից և արդյունաբերական լրտեսությունից պաշտպանվելու համար։

Ջոն Մուլենարը նախազգուշացրել է, որ եթե Ջենսեն Հուանգը չհամաձայնի մասնակցել փակ ճեպազրույցին կամ չառաջարկի այլընտրանքային ամսաթիվ, ապա, ամենայն հավանականությամբ, նրան Կոնգրես ներկայանալու պարտադիր ծանուցագիր կուղարկվի։

Նոյեմբերի 8-ին, հայտարարելով հետաքննություն սկսելու մասին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը նշել է, որ տվյալ պահին որևէ հիմք չի ունեցել ենթադրելու, թե վտանգվել են ԱՄՆ ազգային անվտանգությունը կամ ընկերության առևտրային գաղտնիքները։

Այնուամենայնիվ, հետագա զարգացումները փոխել են իրավիճակը։ Ջենսեն Հուանգի և Դոնալդ Թրամփի սերտ հարաբերությունները դարձել են այն հանգամանքներից մեկը, որոնց պատճառով Էլիս Հուանգի հետ կապված գործը կարող է դիտարկվել որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք։

Guardian պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր նա և Հուանգը հանդիպել են առնվազն յոթ անգամ։ Այդ շփումների ընթացքում Nvidia-ի ղեկավարը հնարավորություն է ունեցել անմիջականորեն նախագահի հետ քննարկելու արհեստական բանականության ոլորտի քաղաքականությունն ու պրոցեսորների մատակարարման հարցերը։

Reuters-ը նույնպես ընդգծել է, որ Ջենսեն Հուանգը հաճախ է այցելել Սպիտակ տուն և հանդիպել Դոնալդ Թրամփին։ Վերջերս նա նույնիսկ մասնակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցի պատվին կազմակերպված պետական ընթրիքին։

Նրանց հարաբերությունները, ըստ հրապարակումների, չեն սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով։ Հուանգն ու Թրամփը նաև ունեցել են միմյանց անձնական հեռախոսահամարները, ինչը վկայել է նրանց անմիջական կապի մասին։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ջենսեն Հուանգի հետ և հավատացել նրա հավաստիացումներին, թե ինքը «ամենափոքր պատկերացումն անգամ չի ունեցել» այն մասին, որ Էլիս Հուանգը կարող էր տեղեկություններ փոխանցել Չինաստանին։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է. «Նա ազնիվ մարդ է, և ես լիովին համոզված եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»։

Այդ հայտարարությունից հետո Դոնալդ Թրամփն այլևս հրապարակային մեկնաբանություն չի արել Nvidia-ի ղեկավարի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ։

Leave a comment