Հովիկ Աղազարյան. Արմեն Գրիգորյանը փակ ֆորմատով քննարկումների ժամանակ քննադատել է ԵՄ-ին անդամակցելու շտապողականությունը. «Հրապարակ»

Նախկին ՔՊ-ական, ԵՄ անդամակցության հայտի շուրջ փակ քննարկումներին մասնակցած Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Գրիգորյանը փակ ֆորմատով քննարկումների ժամանակ քննադատել է ԵՄ-ին անդամակցելու շտապողականությունը։ «2024 թվականի փետրվարի սկզբներին մենք խմբակցության նիստ ունեցանք` Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, եւ քննարկեցինք ԵՄ-ին հայտ ներկայացնելու հարցը: Միակ մարդը, որ դեմ խոսեց այդ նիստի ժամանակ, ես էի, ես չեմ ասում՝ միակ մարդը, որ դեմ էր, բայց որ խոսեց, դա ես էի։ Վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա որոշում է, այնպես որ՝ դիրքորոշվեք։ Նիստի ավարտից 7 րոպե հետո ստացանք հաղորդագրություն, որ մի շաբաթ հետո նորից նույն օրակարգով քննարկում է լինելու, ,այս անգամ՝ ընդլայնված. կառավարություն, Արմեն Գրիգորյան, վարչություն եւ այլն: Եվ չկար մեկը, բացի Նիկոլ Փաշինյանից, որ կողմ արտահայտվեր հայտ ներկայացնելու իմաստով, եւ նույնիսկ Արմեն Գրիգորյանը մոտավորապես իր հրապարակած հոդվածի բնույթի ելույթ ունեցավ։ Ես հարց տվեցի վարչապետին՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր եւ ԱԽՔ-ի տեսակետները տարբեր են, ասաց՝ հա, տարբեր են։ Եվ, փաստորեն, ինքը մնաց մեկ հոգի, որ կողմ էր։ Ինձնից հետո նա այդ խաղաքարտն օգտագործեց, թե իբր եվրոպամետ ուժերի նախաձեռնությունն էր, եւ մի տարի հետո այդ օրենքի նախագիծն ընդունեց»,- մեզ պատմեց Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանը չի բացառում, որ Արմեն Գրիգորյանին հենց այդ «դեմ» դիրքորոշման համար է Փաշինյանն ազատել, ինչպես նաեւ չի բացառում, որ արտաքին ուժերը Գրիգորյանի վրա խաղադրույք են կատարել եւ փորձելու են նրան Փաշինյանի ընդդիմություն դարձնել․ «Ես կարծում եմ, որ այդ ինչ-որ կենտրոնները հասկացնում են, որ Փաշինյանը մանեւրում է, չի ուզում կոնկրետացնել ԵՄ գնալու գործընթացը, ու եթե նրանից դժգոհ են, հո չե՞ն գնալու Ռոբերտ Քոչարյանին պաշտպանեն, բնականաբար, տրամաբանական է, որ այդ շրջանակներից մի քիչ ուրիշի վրա են կանգ առել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment