Երևանի կենտրոնում փողոց կանվանափոխվի․ ի՞նչ է հայտնի

MediaHub-ն ուսումնասիրել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգը։

Նախագծերից մեկով առաջարկվում է Երևանի կենտրոնի փողոցներից մեկն անվանափոխել։

Նախագծում նշվում է՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 19-րդ կետերով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցի մի հատվածն (սկսվում է Վահրամ Փափազյան փողոցից և ձգվում ﬕնչև Ազատության պողոտայի վերջնամաս, այնուհետև, շարունակվելով՝ հատում է Ալ.Մյասնիկյան պողոտան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների սահմանագծով կիսաշրջանաձև շարունակվում է և հասնում Ա. Արﬔնակյան փողոց) անվանափոխել Հայաստանի ազգային հերոս, «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Իզմիրլյանի անվամբ՝ «Տիգրան Իզմիրլյան փողոց»:

Տիգրան Իզմիրլյանը ծնվել է 1926 թվականին։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիա քոլեջը (Եգիպտոս), ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Իլինոյի համալսարանում և մագիստրոսի կոչում՝ Հարվարդի բիզնես դպրոցում: Տասնամյակներ շարունակ զբաղվել է միջազգային ֆինանսական շուկաներով և ձեռնարկատիրությամբ։ Նա ղեկավարել է շվեյցարական «Alimenta» ընկերությունը՝ հասնելով գլոբալ հաջողությունների գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներդրումների ոլորտում: Իզմիրլյանների ընտանիքը լայնածավալ ներդրումներ է ունեցել Եվրոպայի և ԱՄՆ-ի անշարժ գույքի ու գյուղատնտեսության մեջ (այդ թվում՝ «More London» գրասենյակային համալիրը Լոնդոնում): 1994 թվականին Երևանում հիմնադրել է «Իզմիրլյան» հիմնադրամը՝ ի հիշատակ իր ծնողների (Սարգիս և Մարիա Իզմիրլյաններ)՝ հայրենիքին աջակցելու և տնտեսական ու կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով: Նրա և տիկին Ելենա Իզմիրլյանի աջակցությամբ արդիականացվել և վերազինվել է Երևանի բժշկական կենտրոնը, որը 2012 թվականին վերանվանվել է «Իզմիրլյան» ԲԿ: Հիմնադրամի միջոցներով Հայաստանում և Արցախում իրականացվել են առողջապահական, կրթական, սոցիալական ու ենթակառուցվածքային բազմաթիվ ծրագրեր: Պարգևատրվել է Հայրենիքի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշաններով: 2024թ. արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը:

Մարիաննա Արամյան

Leave a comment