«Մենք ուզում ենք խոսել մարդկանց մասին, քանզի ցանկացած ձեռքբերման, հնարքի, կախարդանքի հետևում մարդիկ են և նրանց ջանքերը: Մենք ուզում ենք նրանց ջանքերը գնահատել և տոնել… Ուղղակի որոշում կայացրինք հետևել, թե ինչ արդյունքի և որակի է հասել այս ծրագիրը, ինչը դիտարկեցինք որպես մի հրաշալի ֆիլմ: Մենք այն հռչակում ենք տարվա ֆիլմ, ֆիլմ, որն արժանի է «Օսկարի»,- Ն. Աճեմյանի անվան Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում կայացած Էրազմուս+ QA4VET «Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում» ծրագրի ամփոփիչ համաժողովին նշեց ՄԿՈՒ որակի ապահովման և գնահատման փորձագետ, պրոֆեսոր Էրվին Զեյֆրիդը (INVOLAS, Գերմանիա):
«Օսկարի» պարագայում լինում են լավագույն ֆիլմեր, լավագույն դերասանուհիներ, լավագույն դերասաններ, լավագույն ռեժիսորներ, որոնց մրցանակները հանձնվում են ամեն տարի Հոլիվուդում: Հիմա որոշում ենք կայացրել Հոլիվուդը տեղափոխել Երևան: Ցավոք, իրական «Օսկարներ» չունենք և, «Օսկարի» ընթացակարգին հետևելով, Mock Օսկարներ կշնորհենք»,- հավելեց պրոֆեսորը։
«Ինչպես ցանկացած հրաշալի ֆիլմ կարիք ունի ռեժիսորի, սցենարիստի, տաղանդաշատ դերասանների ու դերասանուհիների, նվիրյալ արտադրական թիմի կարիք ունի և մարդկանց կարիք, որոնք հավատացին այդ պատմությանը»,-ընդգծեց Էրվին Զեյֆրիդը:
«Յուրաքանչյուր հրաշալի ֆիլմի համար պետք է լավ պատմություն, ինչ-որ մեկը պետք է պատկերացնի՝ ովքեր են լինելու գործող անձինք, նա պետք է զարգացնի սցենարը, ստեղծի պատմության գիծը, առաջ մղի այն, եւ համոզի ուրիշներին, որ այդ պատմությունն արժանի է, որ պատմվի ու լսվի: Մեր ֆիլմում այս պատմությունը սկսվել է մեկ գաղափարից՝ զարգացնել Հայաստանում ՄԿՈւ հաստատությունների որակի ապահովումը՝ հետևելով ԵՄ միտումներին: Եվ մեկ հոգի այդ պատմությունը թղթին հանձնեց՝ գաղափարը վերածելով նախագծի: Եվ այս եվրոպական ճամփորդության համար սցենար տվեց: Հետևաբար ուզում ենք QA4VET նախագծի մրցանակը հանձնել լավագույն սցենարիստին: Այս ենթաբաժնում հաղթողը պարոն Արայիկ Նավոյանն է»,- հայտարարեց ARACIP-ի փորձագետ Անդրեյ Դուդուն:
Լավագույն ռեժիսորի մրցանակը շնորհվեց QA4VET նախագծի համակարգող, Ռումինիայի նախահամալսարանական կրթության որակի ապահովման գործակալության (ARACIP) նախագահ Մարիանա Դոգարուին, հատուկ մրցանակներ ստացան Անահիտ Տերտերյանը՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից (ՈԱԱԿ), գերմանական INVOLAS՝ Մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտի ավագ փորձագետ դոկտոր Վոլֆգանգ Շլեգելը և պրոֆեսոր Էրվին Զեյֆրիդը:
Լավագույն դերասանուհու խորհրդանշական մրցանակը շնորհվեց Ն. Աճեմյանի անվան Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Նարա Հովհաննիսյանին, լավագույն դերասանի մրցանակը՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի փոխտնօրեն Վարուժան Գասպարյանին:
«Սովորաբար Էրազմուս պլյուս նախագծերի գնահատումն իրականացվում է նախագծով նախատեսված արդյունքների, տեխնիկական փաստաթղթերի կամ կրթական ծրագրերի դասավանդման մեթոդների մշակման և դրանց տարածման միջոցով: Ինձ համար կա նաև մեկ այլ չափանիշ՝ գնահատելու Էրազմուս պլյուս ծրագրերը. արդյունքները նաև ստեղծված կապերն են և մարդկանց մտածողության փոփոխությունը:
ԵՄ-ի կողմից հովանավորվող, ֆինանսավորվող Էրազմուս պլյուս ծրագրի բոլոր նախագծերն ըստ էության նպաստում են մարդկանց գիտակցության և աշխատաոճի փոփոխությանը Հայաստանում: Մենք կարիք ունենք բազմավեկտոր արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրացման խորացման: Նման մտածողության մարդկանց թիվը մեծացնելը շատ կարևոր է: Այս ծրագրերը նպաստում են եվրոպական մտածողությամբ մարդկանց ձևավորմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» (ACEP) ՀԿ-ի նախագահ, որակի ապահովման աշխատանքային փաթեթի ղեկավար Արայիկ Նավոյանը:
Հիշեցնենք, որ Էրազմուս+ QA4VET «Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում» ծրագիրը մեկնարկել էր 2025 թ.: Նախագծում ներգրավված էին 2 հիմնական և 7 ասոցացված գործընկերներ: Հիմնական գործընկերներն են Ն. Աճեմյանի անվան Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջը և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: