Բանանը հաղթեց ՀԱՊԿ-ին. որքան մենք քննարկենք Փաշինյանի ուտելիքները, այդքան պարտվելու ենք նրան քարոզչական դաշտում

Ունի՞ Նիկոլ Փաշինյանը պետական գործչին վայել մտածողություն ու քաղաքական կամք՝ ո՛չ։ Կրո՞ւմ է հստակ գաղափարախոսություն ու արժեհամակարգ՝ ո՛չ։ Առաջնորդվո՞ւմ է ազգային նպատակներով ու պետական շահով՝ ո՛չ։ Սակայն այդ ամենով հանդերձ՝ արդեն 8 տարի է՝ նա իշխանության ղեկին է ու դեռևս ինքն է քաղաքական օրակարգերի գրեթե միակ թելադրողը, բացառությամբ որոշ կարճատև դրվագների։ Հետևաբար ո՞րն է նրա «անպարտելիության» գաղտնիքը, ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում հասնել հաջողության ո՛չ արտահերթ, ո՛չ էլ հերթական ընտրությունների ժամանակ։ Արդյո՞ք պատճառը միայն ընտրախախտումներն են, վարչական ռեսուրսի կիրառումն ու բռնաճնշումները։ Իհարկե, դրանք ընտրությունների ելքի վրա ազդող գործոններ են, բայց միակ պատճառը չեն։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է ամբողջ լրահոսը լցնել իրենով, ստվերել բոլոր կարևոր իրադարձությունները, բոլորին տանել իր հետևից, այդ թվում՝ թե՛ հանրությանը, թե՛ լրատվամիջոցներին, թե՛ քաղաքագետներին ու վերլուծաբաններին և թե՛ քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ընդդիմադիր։ Ինչ խոսք, այդ գործում Նիկոլ Փաշինյանն իրոք անգերազանցելի է։

Իսկ հիմա եկեք ուշադրություն դարձնենք երեկվա կարևոր իրադարձություններին ու դրանց վերաբերյալ հիմնական արձագանքներին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ գործիչների, հանդիպեց նաև Էրդողանի հետ։ Իհարկե, հստակ մանրամասներ այդ հանդիպումներից դեռևս հայտնի չեն, բայց, այնուամենայնիվ, ուշադրության հիմնական կենտրոնացվածությունը ոչ թե այդ հանդիպումների հնարավոր բովանդակությունն էր, ոչ թե վերլուծություններն ու կանխատեսումները արդյունքների վերաբերյալ, այլ Նիկոլ Փաշինյանի հայացքը։ Գրեթե բոլորը քննարկում էին, թե ինչ հայացքով էր Նիկոլ Փաշինյանը նայում Էրդողանին, ծաղրում էին, ծիծաղում… ու ո՞րն էր այդ ամենի քաղաքական բաղադրիչը՝ զրո։ Դրանից միակ օգուտը ստացավ մի մարդ, ու այդ մի մարդը Նիկոլ Փաշինյանն էր։ Քննարկվեց նրա հայացքը, անտեսվեցին բուն հանդիպումները։

Հաջորդ կարևորագույն իրադարձությունն այն էր, որ մեզ ՀԱՊԿ-ում զրկեցին ձայնի իրավունքից։ Մենք կանգնած ենք այդ կառույցից դուրս մնալու եզրին։ Իհարկե, ՀԱՊԿ-ը «սուրբ կով» չէ, սակայն իրավիճակի վտանգավորությունն այն է, որ մենք, դուրս գալով անվտանգային մի համակարգից, մաս չենք կազմում որևէ այլ կառույցի, մնում ենք մենակ ու ամբողջովին ապավինելու ենք թուրքական «բարեհաճությանը»։ Թվում է, թե սա այն հարցն էր, որը պետք է լիներ քննարկման կիզակետում, բայց… Նիկոլ Փաշինյանն իր բանանով այն աստիճանի ծածկեց դաշտը, որ գրեթե բոլորը՝ լրագրողներ, լրատվամիջոցներ, բլոգերներ, հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ, սոցիալական ցանցի քաղաքականապես ակտիվ օգտատերեր, կուսակցությունների ներկայացուցիչներ, սկսեցին քննարկել այդ տխմար բանանը, որի միակ նպատակը հենց այդ քննարկումը ծավալելն էր։ Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին. ընդամենը մի բանանով «գրողի ծոցն» ուղարկեց ՀԱՊԿ-ի հետ կապված այն օրակարգը, որը կարող էր լինել առաջնային։

Այսքանից հետո մենք իրավունք ունե՞նք թերագնահատելու Նիկոլ Փաշինյանին. կարծում եմ՝ ո՛չ, քանի որ հակառակ դեպքում դա ի ցույց կդնի մեր չհիմնավորված մեծամտությունը, որովհետև քանի դեռ մենք չենք կարող թելադրել մեր օրակարգը, միշտ քննարկելու ենք Նիկոլ Փաշինյանի բանանը։

Կարեն Կարապետյան

Leave a comment