Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել դիմում՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի թիվ 776-Ն որոշումն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին չհամապատասխանող և անվավեր ճանաչելու պահանջով։
Վիճարկվող որոշման կարգավորումը վերաբերում է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների միասնական կայքի (www.e-draft.am) միջոցով առաջարկություններ ներկայացնող անձանց նույնականացման պահանջին։
Դիմումով բարձրացվում են այդ պահանջի՝ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորության վրա ազդեցության և դրա շրջանակում անձնական տվյալների մշակման իրավաչափության հարցերը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վիճարկում է այն կարգավորումը, որով www.e-draft.am հարթակում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը պայմանավորվել է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելու պարտադիր պահանջով։ Դրա հետևանքով նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն չունեցող մի խումբ անձանց համար խոչընդոտվում է միասնական կայքի միջոցով հանրային քննարկումներին մասնակցելու իրավունքի իրացումը։
Ներկայացված դիմումով հիմնավորվում է, որ հանրային քննարկումների նպատակը հանրության մասնակցության ապահովումն է՝ կարծիքների, դիտողությունների ու առաջարկությունների հավաքագրման և դրանց քննարկման միջոցով, մինչդեռ առաջարկություն ներկայացնող յուրաքանչյուր անձի խիստ նույնականացման և նրա անձնական տվյալների մշակման անհրաժեշտությունը պատշաճ չի հիմնավորվել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշմամբ՝ էլեկտրոնային գործիքների արդիականացումը չի կարող ինքնին արդարացնել հանրային մասնակցության իրավունքի սահմանափակումն ու անհրաժեշտից ավելի անձնական տվյալների մշակումը։ Այդ հիմքով պահանջվում է որոշումն անվավեր ճանաչել առաջարկություն ներկայացնելու հնարավորությունը «Ես եմ» հարթակով մուտք գործելու հետ պայմանավորող մասով՝ հանրային մասնակցության մատչելիությունն ու անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներն ապահովելու նպատակով։
Այս գործն իր բնույթով հանրային շահի պաշտպանությանն ուղղված ռազմավարական դատավարություն է, քանի որ չի սահմանափակվում մեկ անձի իրավունքների պաշտպանությամբ, այլ ուղղված է հանրային մասնակցության վրա բացասաբար ազդող իրավական կարգավորման փոփոխությանը։
ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ դիմումն ընդունել է վարույթ։ Թիվ ՎԴ/19484/05/26 վարչական գործը քննվելու է գրավոր ընթացակարգով․ դատարանը գնահատելու է վիճարկվող որոշման համապատասխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։ Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը նախատեսված է 2027 թվականի ապրիլի 8-ին։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: