Բրյուսելում կարևոր քայլ ենք կատարել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ. Էդուարդ Հակոբյան

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Բրյուսելում կարևոր քայլ ենք կատարել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։

Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի հետ ստորագրել ենք համաձայնագրեր՝ Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ «Քասթըմս/Customs» և «Ֆիսկալիս/Fiscalis» ծրագրերին մեր մասնակցության վերաբերյալ։

Սա մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնական արդյունքն է և ՀՀ–ԵՄ գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունը։

Ծրագրերին Հայաստանի մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի մաքսային և հարկային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակման համար։

Մեր նպատակը հստակ է՝ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա։

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական հանձնաժողովին, DG TAXUD-ին, ինչպես նաև Բրյուսելում և Երևանում մեր գործընկերներին այս կարևոր քայլի համար։

Պայմանավորվել ենք նաև նշանակել պատասխանատու անձանց, որոնք կհամակարգեն համաձայնագրերի իրականացումը։ Հայկական կողմը պատրաստ է անմիջապես անցնել գործնական աշխատանքներին՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։

 

___

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Բրյուսելում ստորագրվել են համաձայնագրեր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Եվրոպական միության հանձնակատար Վոպկե Հուկստրայի կողմից՝ ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ։

Համաձայնագրերի ստորագրումը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված կարևոր քայլ է, որը կնպաստի ՀՀ մաքսային և հարկային վարչարարության արդիականացմանը, ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը։

Ստորագրման արարողության ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով համաձայնագրերի նշանակությունը, նշել է, որ դրանց ստորագրումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության գործնական արդյունքն է և այս տարի կայացած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունը։

«Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, թափանցիկ և հաշվետու եկամուտների վարչարարություն, որը հիմնված է օրենքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների վրա և արդյունավետորեն ծառայում է մեր քաղաքացիներին ու տնտեսվարողներին»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ակնկալվում է, որ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մաքսային և հարկային վարչարարության ընթացակարգերի արդյունավետության, թափանցիկության և կանխատեսելիության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինությանը (DG TAXUD), ինչպես նաև Բրյուսելում և Երևանում գործընկերներին՝ համաձայնագրերի ստորագրման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսել նախատեսված աշխատանքները։

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ պատասխանատու անձանց նշանակելու մասին, որոնք հանձն են առնելու համաձայնագրերի կենսագործմանը։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment