Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրանքը փլուզվում է դատարանում։ Նախաքննության ընթացքում սպանության կատարումը խոստովանած Գևորգ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ խոստովանական ցուցմունքը տվել է սպառնալիքների ներքո։
«Ընտանիքիս անդամներին ճանապարհեցին, երևի մի կես ժամից եկան սենյակ, ձեռնաշղթաները գցեցին ձեռքերիս, բա՝ ինչ կապ ունես, ասում եմ՝ ոչ մի, ասում են՝ բա հեսա կալանավորելու ենք քեզ, ասում եմ՝ ինչի համար, ասում են՝ բա Նարեկ Օհանյանին օգնել ես, որ սպանություն կատարի։ Ասում եմ նման բան չի եղել։ Այն ժամանակ Վարդանը Վարդանյան, եթե չեմ սխալվում այն ժամանակ փոխոստիկանապետ էր, ասաց բոլորին դուրս գալ, ձեռնաշղթաներս հանեցին, ասաց՝ ասում ես ինչ կապ ունես այս ամենի հետ, ասում եմ՝ եթե կապ չունեմ ոնց ինչ-որ մեկի անունը տամ։ Ասաց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ այս ամենը դու ես արել։ Եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, պոստը չեմ դնի, այդ մարդիկ էլ՝ Վալոդյա Գրիգորյանի կողմի մարդիկ, ջղայնացած, կատաղած վիճակ է, շուխուռը կգցենք, որ դու ես արել կամ կապ ունես, նայի տնեցիքիդ վնաս չտան։ Չգիտեի ինչ ասեի, ինչ անեի, ծանր գործ է, վերցնեմ ինձ վրա, չվերցնեմ, գողություն չի էլի, որ ասեմ հա՝ մի քանի ամիս հետո հելնեմ դուրս։ Ասում է՝ եթե իրենք էլ ոչ մի բան չանեն, անվտանգությունը տան մոտ չենք դնի, քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ունես, նայի իրանց վնաս չտան»,- ասաց Գևորգ Հարությունյանը։
Նա պատմեց, որ ողնաշարի հետ կապված խնդիրներով պայմանավորված բանակից ազատվել է, բուժումներ պետք է անցնի, ֆիզիկական աշխատանքի համար խանգարում է, զենքին չի տիրապետում․ «Ոչ ծառայել եմ, ոչ էլ ինձ զենք է հանդիպել, որ թեկուզ վերցնեմ, նայեմ, փորձեմ։ Երբեք կրակած չկամ»։ Ի սկզբանե բնակվել են Կոմիտասում, սակայն 5 տարի առաջ տեղափոխվել են Մերձավան, տանը բնակվում է մոր, կրտսեր քրոջ, տատի հետ։ Անդրադառնալով փոխհարաբերություններին՝ Հարությունյանը նշեց, որ առանձնահատուկ մտերմություն ունեցել է Իսկանդարյան Գոռի հետ, մյուսների հետ շփումներ ունեցել է, լավ շփվել է Գրիգոր Օհանյանի՝ Նարեկ Օհանյանի սպանված եղբոր հետ, բայց այնաստիճան մոտ հարաբերություններ չեն ունեցել, որ, օրինակ, գաղտնիքներով կիսվեն և այլն։ Նարեկ Օհանյանի հետ ևս շատ մոտ չեն շփվել։
«Մեր տարիքային տարբերությունն այնպես չէ, որ քիչ է, հավասարը հավասարի ընկերություն չի կարող լինել։ Մհեր Ախտոյանին ճանաչում եմ, որոշ ժամանակ եղել է Մերձավանի վարչական ղեկավարը, համագյուղացի է, տեսնելիս նորմալ, ջերմ հարաբերություններ, բայց մտերիմ չենք եղել, իրենք բոլորը տարիքով մեծ են, մենք հիմնականում մեր տարիքայինների հետ էինք շփվում»,- պատմեց մեղադրյալը։
Հարցին՝ Գրիգոր Օհանյանի սպանությունից հետո ցանկություն չի՞ եղել սպանության պատասխանը տալու՝ մեղադրյալը բացասական պատասխանեց, նշեց՝ մինչև հիմա պարզ էլ չէ, թե ով է սպանողը։ Նարեկ Օհանյանի հետ երբեք, ըստ մեղադյալի, նման հարց չի էլ քննարկվել։
«Վերաբերմունքն իմացել եմ, շատ ծանր հոգեվիճակում է եղել։ Նարեկի դիրքորոշումը հիշում եմ, Գրիգորի 7-ն էր, թե քառասունըք՝ չեմ հիշում, բայց դիրքորոշումն էր, որ այդ ամենը թողնում է Աստծո դատաստանին»,- պատմեց նա։
Հարությունյանի խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանին անձամբ չի ճանաչել, ճանաչել է որպես համագյուղացի, ընտրություններից հետո՝ որպես համայնքապետ, ընդհանրապես՝ ոչ առնչություն են ունեցել, ոչ շփվել, չի հանդիպել Վալոդյա Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։
Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Հատկանշական է, որ ի սկզբանե պրոիշխանական քարոզչամեքենան, այդ թվում՝ իրավապահ մարմիններն առաջ մղեցին իբրև վենդետայի վարկածը և ձերբակալեցին Նարեկ Օհանյանին, որն, ըստ իրավապահների, վրեժխնդիր է եղել ամիսներ առաջ եղբոր սպանության համար, ավելի ուշ, ձերբակալվեց Գևորգ Օհանյանը, որին իրավապահները մեղադրում են սպանությունը կատարելու մեջ։
Մենք տեղեկացրել էինք, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։ Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետևապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերևս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։ Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։