Ուիթքոֆը հույս ունի Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել Ուկրաինայի հարցով ԵՄ մասնակցությամբ նոր եռակողմ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավոր կլինի հայտարարել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի մասին՝ արդեն Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով ենք, որ շուտով, հնարավոր է՝ հենց այս հանդիպումից հետո, կկարողանանք հայտարարել Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպման մասին»,- Կրեմլում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ուիթքոֆը։
Ամերիկացի բանագնացը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ ավարտել ուկրաինական հակամարտությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Թրամփը կարծում է, որ շատ կարևոր է հնարավորինս արագ ավարտել այս հակամարտությունը։ Մենք մեր կողմից անում ենք անհրաժեշտ ամեն ինչ այն ավարտին հասցնելու համար»,- նշել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ Աբու Դաբիի բանակցությունների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։