Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին չեն ազատազրկվի․ դատարանը հրապարակեց վճիռը

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին չեն ազատազրկվի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ (դատավորին ավելի վաղ ԲԴԽ-ն նկատողություն էր հայտարարել՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար) հրապարակեց դատավճիռը։

Այսպիսով, Գևորգ Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար։ Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ 3 տարի ժամկետով՝ նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Որպես վերջնական պատիժ նրա նկատմամբ նշանակվեց ազատազրկում 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով։

Դատարանի որոշմամբ՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Վեհափառի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը ևս մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 3 տարի ժամկետով՝ հաշվակցելով անազատության մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածը։ Արդյունքում այս գործով նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով։ Ինչ վերաբերում է ավելի վաղ մեկ այլ գործով Համբարձում Ներսիսյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշմանը, այն վերացվեց։

Համբարձում Ներսիսյանի նկատմամբ 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով պատժին մասնակիորեն գումարվեց 1 տարի ժամկետով ազատազրկում, ինչի արդյունքում վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 5 ամիս 25 օր ժամկետով, սակայն այն հետաձգվեց։ Սահմանվեց փորձաշրջան, մինչև Համբարձում Ներսիսյանի խնամքին գտվող 27․04․2026թ․-ին ծնված դստեր 6 տարեկան դառնալը։

Հիշեցնենք՝ դատախազը Գևորգ Ներսիսյանի համար պահանջում էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նշանակված պատժի ժամկետին հաշվակցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։

Մայիսի 7–ին նրանք ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։

Sputnik Արմենիա

Leave a comment