ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել Իրանի ցամաքային սահմանների փակմանը․ NYT

Իրանի ցամաքային սահմանները փակելու ԱՄՆ-ի ջանքերն անհաջողությամբ են պսակվել, իսկ Իսլամական Հանրապետության հարևանները դժգոհություն են հայտնել Վաշինգտոնի գործողությունների կապակցությամբ․ այս մասին հայտնել է «The New York Times»-ը։

Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգները «դժվարությունների է բախվել»՝ փորձելով փակել Իրանի ցամաքային առևտրային ուղիները հարևան երկրների հետ։

Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները «շաբաթներ են ծախսել՝ փորձելով, սակայն ապարդյուն», դիվանագիտական ​​խողովակներով համոզել այդ երկրներին փակել Իրանի հետ ցամաքային սահմանային անցակետերը։ Խոսքը, առաջին հերթին, Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի մասին է. այս երկրներն ավելի ու ավելի դժգոհ են ԱՄՆ-ի քաղաքականությունից և զգուշավորությամբ են վերաբերվում դրան, քանի որ այն կարող է վնասել իրենց նույնքան, որքան Թեհրանին։

Ըստ հաղորդումների՝ Իրանի հարևան երկրները ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում մտահոգություն են հայտնել՝ նախազգուշացնելով, որ Իսլամական Հանրապետության հետ առևտրային ուղիների փակումը կարող է հանգեցնել քաղաքացիական անկարգությունների «սահմանի երկու կողմերում էլ»։

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր «Երկաթե դարպաս» («Iron Gate») անվանումով հատուկ խմբի ստեղծման մասին։ Դրա նպատակն է հակազդել առաջադեմ զինատեսակների, երկակի նշանակության տեխնոլոգիաների և պատժամիջոցների ներքո նյութերի տեղաշարժին Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով, ինչպես նաև կասեցնել եկամտի ապօրինի աղբյուրները։ Այս հատուկ խումբը տեղակայվելու է Ֆլորիդայում։

Leave a comment