Իրանի ցամաքային սահմանները փակելու ԱՄՆ-ի ջանքերն անհաջողությամբ են պսակվել, իսկ Իսլամական Հանրապետության հարևանները դժգոհություն են հայտնել Վաշինգտոնի գործողությունների կապակցությամբ․ այս մասին հայտնել է «The New York Times»-ը։
Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգները «դժվարությունների է բախվել»՝ փորձելով փակել Իրանի ցամաքային առևտրային ուղիները հարևան երկրների հետ։
Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները «շաբաթներ են ծախսել՝ փորձելով, սակայն ապարդյուն», դիվանագիտական խողովակներով համոզել այդ երկրներին փակել Իրանի հետ ցամաքային սահմանային անցակետերը։ Խոսքը, առաջին հերթին, Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի մասին է. այս երկրներն ավելի ու ավելի դժգոհ են ԱՄՆ-ի քաղաքականությունից և զգուշավորությամբ են վերաբերվում դրան, քանի որ այն կարող է վնասել իրենց նույնքան, որքան Թեհրանին։
Ըստ հաղորդումների՝ Իրանի հարևան երկրները ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում մտահոգություն են հայտնել՝ նախազգուշացնելով, որ Իսլամական Հանրապետության հետ առևտրային ուղիների փակումը կարող է հանգեցնել քաղաքացիական անկարգությունների «սահմանի երկու կողմերում էլ»։
Նոյեմբերի 7-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր «Երկաթե դարպաս» («Iron Gate») անվանումով հատուկ խմբի ստեղծման մասին։ Դրա նպատակն է հակազդել առաջադեմ զինատեսակների, երկակի նշանակության տեխնոլոգիաների և պատժամիջոցների ներքո նյութերի տեղաշարժին Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով, ինչպես նաև կասեցնել եկամտի ապօրինի աղբյուրները։ Այս հատուկ խումբը տեղակայվելու է Ֆլորիդայում։