Մրցույթի եզրափակիչը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած 12-ամյա Լեոն կներկայացնի Հայաստանը «Our Generation 2026» («Մեր սերունդը 2026») մանկական միջազգային մրցույթում, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Մրցույթի եզրափակիչը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Լեոն երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։ 2024 թվականին նա ներկայացրել է Հայաստանը Մադրիդում անցկացված «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում իր «Cosmic Friend» երգով։
Լեոն նկարահանվել է նաև «Մոլորվածը» գեղարվեստական ֆիլմում` մարմնավորելով Արամի կերպարը։ Նա նաև կիթառ է նվագում, խաղում ֆուտբոլ և զբաղվում լողով և թենիսով։
Մրցույթի մասին
«Our Generation»-ը մանկական հեղինակային երգի հեռուստատեսային մրցույթ է, որի նպատակն է բացահայտել ու աջակցել տաղանդավոր երիտասարդ երգիչ-հեղինակներին, տարածել նրանց ստեղծագործությունները, ինչպես նաև պահպանել ու զարգացնել աշխարհի ազգային մշակույթները:
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2023 թ.-ին՝ Մոսկվայում։
2023 թ.-ին մրցույթում Հայաստանը ներկայացրել է Սաթի Սարգսյանը (Սաթթի)՝ «Սեր Հայաստանին» երգով, 2024-ին՝ Մակար Ղազարյանը՝ «Ես ու դու» երգով, իսկ 2025-ին՝ Յանա Ստեփանյանը՝ «Հավատա» երգով։