Նոյեմբերի 10-ի կարևոր լուրերը

Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ ՀՀ վարչապետն այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է հայ գործընկերոջ հետ։ Համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում (հաշվի առնելով նաև Ադրբեջանին հուզող հարցերը) գործընթացը երկար չի տևի, և անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

ՀԱՊԿ-ում քննարկվում է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում քննարկվում է անդամավճարների պարտքի պատճառով Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հարցը, և համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի անդամ պետությունների ղեկավարներին։ Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և դադարեցրել անդամավճարների փոխանցումը։

Ռուսաստանցիների ուղևորությունները դեպի Հայաստան ռեկորդային ծավալի են հասել

ՌԴ ԱԱԾ տվյալներով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել է ռուսաստանցիների ավելի քան 402 հազար ուղևորություն դեպի Հայաստան, ինչը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ ավելի է շուրջ 58 հազարով։ Փորձագետները զգուշացնում են, որ այս հոսքն ազդում է բնակարանների շուկայի վրա. պահանջարկի հնարավոր նվազման դեպքում այսօրվա բարձր գներին ու շինարարական ակտիվությանը կարող է հաջորդել լճացումը։

Պուտինը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային լարվածության պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը պաշտպանության, ահաբեկչության, ծայրահեղականության ու կիբերհանցագործությունների դեմ պայքարում։ Նրա ուղերձը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում ընթերցել է փոխվարչապետ Օվերչուկը։

Պարեկները մեկ շաբաթում արձանագրել են ճանապարհային երթևեկության 18 764 խախտում

Նոյեմբերի 2-9-ը Երևանում և մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 18 764 խախտում, հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 323 տրանսպորտային միջոց, ոստիկանության բաժիններ՝ 125 անձ։

Leave a comment