Ինտիմ տեսանյութով շորթումից մինչև եռակի սպանություն․ Արմավիրում աղմկահարույց գործի մանրամասները

Եռակի սպանություն գերեզմանատանը․ Արմավիրում տղամարդուն մեղադրում են նաև ինտիմ տեսանյութով շորթման մեջ


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՔԿ–ն։


Մանավորապես՝ նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի ընթացքում Է.Ն.-ն օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Մ.Բ.-ին արատավորող տեսագրությունը տարածել վերջինիս բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:


Այնուհետև, 2025 թվականի ընթացքում Է.Ն.-ն Մ.Բ.-ի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունն առանց վերջինիս համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այս հասանելի դարձնելով այլ անձանց:


Վերոգրյալ գործողությունների հետևանքով Մ.Բ.-ն երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ:


Բացի այդ, 2026 թվականի մայիսի 26-ին Է.Ն.-ն որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:


Համագյուղացուն սպանելուց հետո Է.Ն.-ն վերադարձել է ավտոմեքենայի մոտ և փորձել մոր հետ միասին հեռանալ դեպքի վայրից, սակայն այդ պահին այնտեղ են եկել սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:


Բաց այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Է.Բ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (3 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 258-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (շորթումը), 204-րդ հոդվածի 2-րդ մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձը): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment