Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Մարզիկի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Ալեքսանյանի ընտրյալը Անին է, որը նույնպես Գյումրիից է։ Զույգի պսակադրությունը կայացել է Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Հարսանեկան տոնակատարությունն անցկացվել է ընտանեկան և ընկերական նեղ շրջապատում՝ նորապսակների հարազատների ու մտերիմների մասնակցությամբ։
Երեկոյի երաժշտական ծրագիրն ապահովել են Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ կատարողներ։
Մարզիկին ամուսնության կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ նոյեմբերի 8-ին հրապարակված ուղերձում։
«Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք»,— ասված է ֆեդերացիայի շնորհավորական գրառման մեջ։
Ֆեդերացիան նաև ընդգծել է Ալեքսանյանի մարզական նվաճումները՝ նրան մաղթելով նոր հաջողություններ ընտանեկան կյանքում։