Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ժնևում հանդիպել է աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի՝ MSC Group-ի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հնարավորությունները, տրանսպորտային կապերի ընդլայնումը և երկրի տարանցիկ ներուժի իրացումը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

MSC Group-ը աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից է։

Ընկերությունն ունի շուրջ 1000 նավ, գործունեություն է իրականացնում 155 երկրում, ունի 675 գրասենյակ, իսկ գլոբալ ցանցն ընդգրկում է 300 երթուղի և 520 նավահանգիստ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ MSC-ի հետ համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին և դրա արդյունքում տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ընդլայնման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման և Հայաստանի տարանցիկ ներուժի իրացման հնարավորություններին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment