Ալենուշ Տերյան․ անուն, որն հավերժ կմնա Իրանի գիտության պատմության և երկու ժողովուրդների ընդհանուր ժառանգության մեջ

Ալենուշ Տերյան․ անուն, որն հավերժ կմնա Իրանի գիտության պատմության և երկու ժողովուրդների ընդհանուր ժառանգության մեջ

Ալենուշ Տերյանի ծննդյան 106-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հոդվածը։

«Թեհրանի տներից մեկում հայրը Ֆիրդուսու «Շահնամե»-ից հատվածներ էր հայերեն թարգմանում։ Տարիներ անց նույն ընտանիքի դուստրը դարձավ Իրանի աստղաֆիզիկայի առաջամարտիկներից մեկը։ Հայրը՝ Արթո Տերյանը, Իրանի մշակույթի և արվեստի հայտնի գործիչներից էր, իսկ դուստրը՝ Ալենուշ Տերյանը, դարձավ գիտնական, որի անունը սերտորեն կապված է Իրանում ժամանակակից աստղագիտության ձևավորման հետ։ Այս ընտանիքի պատմությունը Իրանի մշակութային և գիտական պատմության մեջ հայերի ներկայության ու ներդրման վառ օրինակ է։

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում՝ հայ ընտանիքում։ Նրա մայրը՝ Վարդո Տերյանը, Իրանում թատերական արվեստի առաջամարտիկներից էր։ Նա մեծացել էր մի միջավայրում, որտեղ գրականությունը, արվեստն ու կրթությունն առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում։ Այնուամենայնիվ, Ալենուշն ընտրեց ծնողների ուղուց տարբերվող ճանապարհ և նվիրվեց ֆիզիկայի ու աստղերի աշխարհի ուսումնասիրությանը։

Թեհրանի համալսարանն ավարտելուց հետո նա ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ֆրանսիա և 1956 թվականին Սորբոնի համալսարանում ստացավ դոկտորի գիտական աստիճան։ Չնայած Եվրոպայում գիտական գործունեությունը շարունակելու հնարավորությանը՝ նա որոշեց վերադառնալ Իրան։ Այդ որոշումը դարձավ Թեհրանի համալսարանում նրա երկարամյա գիտական և մանկավարժական գործունեության սկիզբը։ Այդ տարիներին նա մնայուն ազդեցություն ունեցավ Իրանում ֆիզիկայի և աստղագիտության կրթության զարգացման վրա։

1964 թվականին Տերյանը դարձավ Թեհրանի համալսարանի դասախոս՝ դառնալով առաջին իրանցի կինը, որն արժանացել էր ֆիզիկայի ոլորտում դասախոսի կոչման։ Նա Իրանում աստղաֆիզիկայի դասավանդման առաջամարտիկներից էր և մասնակցել է Թեհրանի համալսարանի արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրմանը։ Իր բազմաթիվ ուսանողների համար նա ոչ միայն ականավոր դասախոս էր, այլև աշխատասիրության, գիտական անկախության և կրթության հանդեպ նվիրվածության օրինակ։

Ալենուշ Տերյանը նման հաջողությունների հասավ մի ժամանակաշրջանում, երբ կանանց գիտական առաջընթացի ճանապարհը, հատկապես հիմնարար գիտությունների ոլորտում, հեշտ չէր։ Իր գիտելիքների և աշխատասիրության շնորհիվ նա կարողացավ առանձնահատուկ դիրք գրավել Իրանի գիտական համայնքում։ Այսօր նրա անունը հիշատակվում է այն կանանց շարքում, որոնք իրենց նվաճումներով նոր հորիզոններ են բացել հաջորդ սերունդների համար։

Սակայն Ալենուշ Տերյանի նշանակությունը Իրանի համար չի սահմանափակվում միայն նրա գիտական նվաճումներով։ Նրա կյանքը Իրանում հայ համայնքի դարավոր ներկայության պատմության մի մասն է։ Այդ համայնքի ներդրումը երկրի գիտության, արվեստի, արդյունաբերության, կրթության և մշակույթի զարգացման գործում արժեքավոր է և անժխտելի։ Իրանի հայերը, պահպանելով իրենց լեզուն և մշակութային ավանդույթները, ակտիվորեն մասնակցել են Իրանի հասարակական կյանքին և տարբեր ոլորտներում նպաստել երկրի առաջընթացին ու բարգավաճմանը։

Իրանի և Հայաստանի մշակութային կապերը վառ կերպով արտացոլված են Տերյանների ընտանիքի պատմության մեջ․ հայրը, որը պարսկական գրականությունը ներկայացնում էր հայ ընթերցողներին, մայրը, որը կարևոր դեր ուներ Իրանի թատերական արվեստի զարգացման գործում, և դուստրը, որն իր գիտելիքները ծառայեցրեց Իրանի գիտության զարգացմանը։ Երեք տարբեր ուղիներ, որոնք բոլորն էլ ձևավորել են իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային պատմության մի մասը։

Այս կապերը չեն սահմանափակվում երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններով։ Դարերի ընթացքում Իրանի և Հայաստանի ժողովուրդները միմյանց հետ կապեր են հաստատել գրականության, արվեստի, կրթության, առևտրի և հասարակական կյանքի միջոցով։ Ալենուշ Տերյանի նման անհատականությունները ցույց են տալիս, թե ինչպես են այդ կապերը ձևավորվել մարդկանց իրական կյանքում և ինչ մնայուն ձեռքբերումներ են ապահովել։

Տերյանի կյանքի մարդկային կողմը նույնպես արժանի է ուշադրության։ Իր կյանքի տարիները կրթությանն ու գիտական հետազոտություններին նվիրած գիտնականն իր տունը տրամադրել է Սպահանի Նոր Ջուղայի հայ համայնքի կարիքավոր ուսանողներին՝ որպես բնակության վայր։ Այս քայլը, նրա գիտական ծառայությունների հետ մեկտեղ, վկայում է կրթության և երիտասարդ սերնդի ապագայի նկատմամբ նրա խոր հոգատարության մասին։

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանում, դասավանդել է իրանի համալսարաններում և իր կյանքը նվիրել այդ երկրի գիտական առաջընթացին։ Միևնույն ժամանակ նա միշտ կապված է եղել իր հայկական մշակութային արմատներին։ Նրա կյանքի այս երկու կողմերը ոչ թե հակադրվել են միմյանց, այլ միավորվել՝ ձևավորելով նրա անհատականությունն ու ժառանգությունը։

Այսօր՝ Ալենուշ Տերյանի ծննդյան 106-րդ տարեդարձի օրը, նրա հիշատակը ևս մեկ առիթ է խորհելու գիտության, կրթության և երկու ժողովուրդների միջև մարդկային կապերի արժեքի շուրջ։ Նրա անունը հպարտությամբ արձանագրված է Իրանի գիտության պատմության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդի համար նա հիշեցում է գիտության զարգացման գործում հայ մշակույթի զավակների արժեքավոր ներդրման մասին ։ Նրա հիշատակի մեծարումը հարգանք է ականավոր գիտական մի կյանքի և այն ընդհանուր պատմության նկատմամբ, որը շարունակում է իր արտացոլումը գտնել Իրանի և Հայաստանի մշակութային ու մարդկային հարաբերություններում»։

Leave a comment