Պաշտոնյաների և պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում նախատեսող նախագծի ընդունումը հնարավոր է հետաձգվի, և փոփոխություններն ուժի մեջ չմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել են ՔՊ-ական մի քանի պատգամավորներ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը հեղինակել և հաստատել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է վերանայել են պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը, զգալիորեն բարձրացնել նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը։
Առաջարկվում է Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի բարձրացում 68,4 տոկոսով կամ 1 մլն 80 հազար դրամով՝ ներկայիս շուրջ 1,5 մլն դրամի փոխարեն դառնալով 2 մլն 662 հազար դրամ։ ՀՀ նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից առաջարկվում է դարձնել 2 մլն 662 հազար դրամ, փոխվարչապետներինը՝ 1 մլն 289 հազար դրամից՝ 2 մլն 163 հազար դրամ։ 116 տոկոսով նախատեսվում է բարձրացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը՝ 998 հազար դրամից դառնալով 2 մլն 163 հազար դրամ։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ընդգրկված է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ին կայանալիք նիստի օրակարգում։ Զեկուցողը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է։
Նախագծի վերաբերյալ ՔՊ երեք պատգամավոր՝ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Վարդանյանը և Նատալիա Սինորյանը, առաջարկություններ են ներկայացրել։
Factor.am-ը Ծովինար Վարդանյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ են տեղեկությունները նախագծի քննարկումը հետաձգելու վերաբերյալ։ ՔՊ-ական պատգամավորը նշել է հնարավոր պատճառը, որը կարող է հանգեցնել հետաձգման՝ ներկայացված առաջարկների պատշաճ քննարկման անհրաժեշտությունը։
«Ինչպես դուք եք անվանում՝ աշխատավարձերի բարձրացման նախագծի վերաբերյալ մեծ քանակությամբ առաջարկներ են ստացվել։ Ես ևս առաջարկներ եմ ներկայացրել բյուջետային գրասենյակի մասով։ Հետևաբար, կարծում եմ, որ նախագիծը կարիք ունի լավարկման։ Հաստիքների գնահատման մեխանիզմը բավականին բարդ է։ Եթե ձգձգում լինի, ապա դա կապված կլինի այս հանգամանքի հետ։ Նման փոփոխություններին պետք է շատ զգուշությամբ մոտենալ, որովհետև կարող է անարդարության զգացում առաջանալ»,- ասել է նա։
Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման և վարձատրության նոր համակարգի ներդրման համար 2027 թվականից պետական բյուջեից տարեկան լրացուցիչ կհատկացվի ավելի քան 25 միլիարդ դրամ։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ի կառավարության նիստում։
Factor.am-ը տեղեկացել է, որ այդ գումարն արդեն ներառված է կառավարության պահուստային ֆոնդում։
Նարեկ Կիրակոսյան