Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել

Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբորը՝ ձեռնարկատեր Արոն Օրբանին են ձերբակալել։

Նրա ընկերությունում, որն օգնել է Վիետնամի քաղաքացիներին մուտքի վիզաներ ստանալ, խուզարկություն է իրականացվել՝ անօրինական միգրացիային աջակցելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Իրավապահ մարմինները նաև փաստաթղթեր են առգրավել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիկտոր Օրբանի եղբայրը՝ Արոն Օրբանը, կալանավորվել է մարդկանց անօրինական տեղափոխմանը (մարդկանց մաքսանենգությանը) մասնակցելու կասկածանքով։ Հունգարացի քաղաքական գործիչ Պետեր Մագյարը սոցիալական ցանցերում գրել է, որ Ակտիվների վերադարձման և պաշտպանության ազգային գրասենյակը և Հետաքննությունների ազգային բյուրոն ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում։

Բուդապեշտում և Պեշտ շրջանի երկու այլ վայրերում իրավապահների կողմից իրականացված գործողությունների ընթացքում մի քանի անձ է ձերբակալվել։ Քննչական գործողությունները թիրախավորել են նախկին վարչապետի եղբորը պատկանող մի առևտրային կառույց՝ մի ընկերություն, որտեղ նախկինում ևս խուզարկություններ էին կատարվել։

Ակտիվների վերադարձման և պաշտպանության ազգային գրասենյակի ղեկավար Աննա Ունգերը, պատասխանելով Telex առցանց լրատվամիջոցի հարցմանը, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Արոն Օրբանի հնարավոր ձերբակալության մասին լուրերը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ։ Նշվել է, որ մարդկանց անօրինական տեղափոխման գործով հետաքննության շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, և ձերբակալվել են մի քանի անձինք, սակայն վերջիններիս ինքնությունը չի բացահայտվում։

Leave a comment