Շիրակի մարզպետ․ «Իվան» ասելով ի՞նչ եմ թիրախավորել (PAN.am)

Շիրակի մարզի ղեկավար Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր նախկին հայտարարության շուրջ ծավալված քննարկումներին՝ հավաստիացնելով, որ «իվաններ» ձևակերպումն օգտագործելիս որևէ մեկին թիրախավորելու մտադրություն չի ունեցել և արտահայտվել է կոռեկտ ձևով։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Թույլ չեմ տալու որևէ մեկին, որ Գյումրիում քաղաքական շոուներ կազմակերպի։ «Իվան» ասելով ի՞նչ եմ թիրախավորել, որ ասում են «Պողոս–Պետրոս քեզնից դուրս չի գա»` թիրախավորո՞ւմ են Պողոս–Պետրոսին։ Որևէ մեկը չի կարող մտածել, որ ես վիրավորել եմ մի մեծ ազգի։ Ես իրենց (ռուսներին–խմբ.) չեմ վիրավորել։ Իմ խոսքն ուղղված էր մեր ընդդիմությանը, ինչո՞ւ է դրան արձաանքում ՌԴ ԱԳՆ–ն։ Փոքր ժամանակ բան կար, մեծ ախպորն էին կանչում, որ նեղացնում էին, հիմա մեծ ախպորն են կանչո՞ւմ։ Թող իրենք (ընդդիմությունը–խմբ.) ինձ պատասխանեն»,– ասել է Առուշանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Վստահեցրել է` որևէ մեկին չի վիրավորել։

Դիտարկմանը, որ ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին, Առուշանյանն ընդգծել է` ընդդիմության մեկնաբանությունն է դա, իսկ գյումրեցին դրա հետ հաշտ չէ, ոչ էլ այնտեղ ապրող ռուսը, քանի որ հարաբերությունները շատ բարիդրացիական են։

Հոկտեմբերի 17-ին Առուշանյանը սոցիալական ցանցում արձագանքել էր «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ Գյումրիի օրվա կապակցությամբ հրապարակած շնորհավորանքներին՝ կատարելով հետևյալ գրառումը.«Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:

Այդ հայտարարությունն արձագանք է ստացել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 28-ին անդրադարձել է մարզպետի խոսքերին՝ գնահատելով, որ նման ձևակերպմամբ Առուշանյանն առաջին հերթին վիրավորել է հենց հայ ժողովրդին։

Leave a comment