ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաշվարկներ ներկայացրեց գազի գնի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ։ Նա նշեց, որ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ-ն՝ որպես սակագին հաշվող կառույց, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել ռուսական «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։
«Բայց դա չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելն իրողությունները չեն փոխվի։ Բայց ես լիահույս եմ, որ չենք ունենա նման բան»,- նշեց նա։
Մեսրոպյանն անդրադարձավ հարցին, գազի գնի թանկացումն ինչպե՞ս է ազդում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ «Մեր երկրում տարիներ ի վեր հետևյալ տոկոսային բաշխվածությունը կա՝ էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին։ Հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը բնականաբար կթանկանա»,- ասաց նա։
Մեսրոպյանը ներկայացրեց ՀԾԿՀ հաշվարկները․ «Տարբերակ մեկ՝ եթե սահմանին գազի ներկրման գինը աճի 30 տոկոսով, սահմանի վրա գազի գինը, որն այսօր 1000 խմ գազի համար 174,46 դոլար է, կդառնա 226,8 դոլար։ Եվ դա միջինացված կերպով էլեկտրաէներգիայի սակագնի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա։ Եթե ձեր ասած ԵԱՏՄ-ի 69 տոկոս թանկացման դեպքը լինի, այս 174,46 դոլարը կդառնա 294,8 դոլար 1000 խմ համար և սակագնի վրա 3,3 դրամով կազդի։ Եթե, Աստված մի արասցե, 300 տոկոսով թանկացում կլինի, կդառնա 697,75 դոլար և էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կազդի 14,2 դրամով։ Երեք սցենար ենք հաշվել՝ երեք կրիտիկական սցենարներ։ Եվ այստեղ, ցավոք սրտի, կարող ենք մտքում ունենալ մի շատ վատ սցենար, որ ենթադրենք՝ գազի մուտքն ինչ-որ պատճառով կդադարեցվի։ Ես վստահ եմ, որ չի դադարեցվի, իսկ եթե դադարեցվի, մենք պետք է մտածենք կարգավորման նոր գործիքներ կիրառելու մասին։ Օրինակ՝ այն ծանր տարիների՝ 1992-1994 թվականների ճգնաժամը չենք ունենա, Սևանից լրացուցիչ ջրթող պետք է անենք, որ Սևան-Հրազդան հիդրոկասկադն ամբողջ տարին աշխատեցնենք։ Պետք է արագ բանակցենք Վրաստանի միջոցով նաև այլ երկրներից էլեկտրաէներգիա ներկրելու համար, Որոտանի կասկադն ամբողջությամբ պետք է աշխատեցնենք»։
Միաժամանակ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, թե չի հայտարարում, որ գազն անջատելու են, ճգնաժամ է լինելու․ «Ես ասում եմ՝ 1992-ի ծանր ճգնաժամային իրավիճակն այսօր չենք ունենա, մի շարք պատճառներով, այդ թվում՝ նաև արևային կայանների փաստը և այլ փաստեր կան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, եթե սահմանի գազի գինը թանկանա, սպառողի համար գազի սակագինը որքա՞ն կթանկանա, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց․ «Դասական իմաստով սակագները վերանայվում են տարին երկու անգամ՝ կամ մեր, կամ տվյալ կարգավորող ընկերության նախաձեռնությամբ։ Առնվազն գոնե այս տարվա սակագները կգործեն, եթե այլ կարգի ֆորս մաժորային կամ քաղաքական այլ իրավիճակ չլինի, մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի սակագնի թանկացում չենք ունենալու։ Եթե հենց այսօր էլ դիմեն գազը թանկացնելու առաջարկությամբ, դա արդեն վերաբերելու է մյուս վեց ամսվա վերանայմանը, և ձմեռն արդեն դուրս կգա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: