«Շատ ճիշտ են բազմիցս նշել Աննա Գրիգորյանը եւ Նարեկ Կարապետյանը իրենց խմբակցությունների անունից, որ ժողովուրդն իրենց ձայն չի տվել ալիեւյան սահմանադրությունն ընդունելու համար». Ձյունիկ Աղաջանյան

«Զարմանալի չէ նման զարգացումների տրամաբանությունը։ Ընտրություններից հետո, երբ սկսվեցին երկրորդ նախագահի, հետո՝ Ծառուկյանի դեպքերը, ես ասացի, որ այս իշխանության ղեկին վերարտադրված անձնավորությունը գնալու է ընդդիմադիր դաշտը չեզոքացնելու ճանապարհով, որպեսզի իր առջեւ դրված հանձնառությունները կատարի.,-ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում։

«Իսկ այդ հանձնառությունների շարքում թե որեւէ իրավական հիմք չունեցող անկլավների հանձնումն է, թե նոր սահմանադրության ընդունումը, որով ոչ միայն մեր Անկախության Հռչակագիրը, այլեւ մեր ինքնության էագույն տարրերը եւ պաշտպանական ամբողջ համակարգն է ոչնչանում, թե Հայաստանը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու մեջ հիմնավորապես զետեղելը եւ թե Ռուսաստանը այս տարածաշրջանից, Հայաստանից դուրս բերելը։

Դրա համար էր անհրաժեշտ ունենալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի առանց անգամ հանրաքվեի, ԱԺ իր ձայներով կարողանար Հայաստան պետությունը ոչնչացնող քայլերը իրականացնել։

Բայց փառք Աստծո, որ ժողովրդի որոշ մասի գիտակցությունը բավականին արթուն եղավ՝ թույլ չտալու, որպեսզի սահմանադրական մեծամասնություն ստանա։ Նա այսօրվա իր ձայներն էլ չի ստացել, որովհետեւ կեղծիքների թիվը սարսափելի մեծ էր։ Էլ չեմ ասում ձայնագողությունը եւ մանդատագողությունը, այն 80 հազար անձնագրերը, որոնք ընդհանրապես համակարգը չի ճանաչել, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ մենք գործ ունենք նաեւ կրկնաքվեարկությունների հետ։ Ու նաեւ չհաշված բանակի զինվորների կողմից քվեարկությունների անցկացումը։

Այս տրամաբանության մեջ իր առջեւ դրված է հանձնառություն, որ ինքն ունի պարտավորություններ, որոնց հետեւից գալիս են թե Ադրբեջանը, թե Միացյալ Նահանգները։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարը վերջերս ակտիվացել է։ Դա ցուցիչ է, որ իշխանությունների վիճակը եւ դիրքերը այնքան էլ ամուր չեն, որքան իրենք ցանկանում են ցույց տալ։

Աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակը իրենց դեմ աշխատելու հանգամանքը ստիպում է արագացնել գործընթացները։ Եվ արագացման գործընթացների մեջ են ընդդիմադիր դաշտի՝ կազմակերպելու, ժողովրդին առաջնորդելու հնարավորություն ունեցող մարդկանց չեզոքացնելու քայլերը։

Թե երկրորդ նախագահին, թե Ծառուկյանին, Թե Կարապետյանին երկրորդ անգամ կալանքի տանելու, մնացածների հանդեպ բռնաճնշումներն ուժեղացնելու, տնային կալանքները անտեղի, անհիմն եզրակացնելու նպատակը հենց դա է։ Այս ամենը պետք է դիտարկել ամբողջության տրամաբանության մեջ, որտեղ տեսնում ենք մի հստակ բան։ Մի կողմից իշխանության ղեկին բազմած անձնավորությունը եւ իր քաղաքական թիմը փորձ են անում ժողովրդի մեջ տպավորություն ստեղծել, որ ընդդիմությունը անուժ, անկամ, հնարավորություններ չունեցող զանգված է, որը իրականությանը չի համապատասխանում, մյուս կողմից էլ ճնշումների, բռնությունների արդյունքում փորձում են ստիպել՝ ստանալու այն ձայները, որոնք իրենց անհրաժեշտ են այդ փոփոխություններին հասնելու համար։

Սակայն շատ ճիշտ են բազմիցս նշել Աննա Գրիգորյանը եւ Նարեկ Կարապետյանը իրենց ֆրակցիաների անունից, որ ժողովուրդն իրենց ձայն չի տվել ալիեւյան սահմանադրությունն ընդունելու համար։ Հակառակը, ժողովուրդն իրենց ձայն է տվել՝ թույլ չտալու նման հանձնողական եւ պարտվողական քաղաքականություն իրականացնել»,- ասաց տիկին Աղաջանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment