Մելանյա Թրամփ. Առանց ինձ հրադադար չէր լինի (PAN.am)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Կողմերն ամփոփել են Խերսոնի մարզի օկուպացված Ալեշկի քաղաքում իրականացված համատեղ մարդասիրական գործողության արդյունքները և փոխադարձ շնորհակալություն հայտնել։

Հոկտեմբերի վերջին Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լեոն XIV-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։ Սա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր երկու երկրների առաջին համատեղ մարդասիրական առաքելությունն է եղել։ Մելանյա Թրամփը հայտարարել է, որ առանց իր ներգրավվածության այդ գործողությունը հնարավոր չէր լինի իրականացնել, հայտնում է BBC-ն:

Իր կարճ ելույթում ԱՄՆ առաջին տիկինը շեշտել է, որ անձամբ մասնակցել է մարդասիրական գործողության նախապատրաստման և կազմակերպման բոլոր փուլերին։

«Ես մասնակցել եմ նախապատրաստական բոլոր փուլերին՝ ուսումնասիրել եմ ականազերծման ծրագրերը, արբանյակային լուսանկարները, ներգրավված եմ եղել ճանապարհների վիճակի գնահատման, տարհանման երթուղիների, հիվանդանոցների հասանելիության, տրանսպորտի և դեղորայքի ապահովման հարցերի քննարկմանը»,– ասել է նա։

«Առանց ինձ հրադադար չէր լինի»,– համոզմունք է հայտնել Մելանյա Թրամփը։

Նա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հասնել ավելի ընդգրկուն և երկարաժամկետ հրադադարի։

«Ցանկացած նշանակալի փոփոխություն սկսվում է փոքրիկ կայծից։ Թող Ալեշկիում հրադադարի կայծը վերածվի խաղաղություն բերող կրակի»,– հայտարարել է առաջին տիկինը։

Մելանյա Թրամփը կրկնել է իր ավելի վաղ ներկայացրած տեղեկությունը, ըստ որի՝ Ալեշկիից հաջողվել է տարհանել մոտ 800 մարդու։ Սակայն այդ թիվը պաշտոնապես չի հաստատվել ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից։

Սպիտակ տանը կազմակերպված հանդիպմանը Ռուսաստանը ներկայացրել են մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Երկուսն էլ 2022 թվականից գտնվում են Միացյալ Նահանգների պատժամիջոցների ներքո։

Ռուսական պատվիրակության Վաշինգտոն մեկնելը մինչև վերջին պահը հարցականի տակ է եղել, քանի որ Լանտրատովայի թիմի որոշ անդամներ ամերիկյան մուտքի արտոնագրեր չեն ունեցել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապես հայտարարել է, որ այցը տեղի կունենա, եթե հաջողվի կարգավորել կազմակերպչական խնդիրները։ Հինգշաբթի նա արդեն հաստատել է, որ վիզաների հետ կապված հարցը լուծվել է։

Մելանյա Թրամփի ելույթից հետո խոսելու հնարավորություն է ստացել Կիրիլ Դմիտրիևը։ Նա շնորհակալություն է հայտնել առաջին տիկնոջը նախաձեռնության համար և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է համապատասխան հանձնարարականներ տվել հրադադարն ապահովելու նպատակով։

Դմիտրիևը նաև նշել է, որ Պուտինը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը՝ ուղղված ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Իր կարճ ելույթի ընթացքում ռուս պաշտոնյան մի քանի անգամ հիշատակել է Ռուսաստանի նախագահի անունը։

Նա հավաստիացրել է, որ Ալեշկիում մարդասիրական օգնության մատակարարումները շարունակվելու են՝ աջակցելու այն բնակիչներին, որոնք որոշել են մնալ քաղաքում։

Ելույթի ավարտին Դմիտրիևը Մելանյա Թրամփին նվիրել է նկար, որի հեղինակը, նրա ներկայացմամբ, Ալեշկիից Ռուսաստան տեղափոխված 11-ամյա աղջիկ է։ Երեխան պատկերել է ԱՄՆ առաջին տիկնոջը և նկարի վրա անգլերեն գրել՝ «Ես սիրում եմ Մելանյային»։

Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցել են Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Դմիտրիևից հետո ելույթ է ունեցել Արախամիան, որը նույնպես երախտագիտություն է հայտնել Մելանյա Թրամփին և հույս հայտնել, որ Ալեշկիում իրականացված մարդասիրական գործողությունը վերջինը չի լինի։

Այնուհետև Լուբինեցն ԱՄՆ առաջին տիկնոջը փոխանցել է իշխանուհի Օլգայի շքանշանը։ Մելանյա Թրամփին այդ պարգևը շնորհելու մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է հանդիպումից մի քանի օր առաջ։

Հանդիպմանը ներկա Յանա Լանտրատովան միակ հրավիրված պատվիրակն ու Ալեշկիի մարդասիրական առաքելության մասնակիցն է եղել, որին ելույթի հնարավորություն չի տրվել։

Մոտ 25 րոպե տևած հանդիպման ավարտին Մելանյա Թրամփը Դավիթ Արախամիային և Կիրիլ Դմիտրիևին նամակներ է փոխանցել՝ հասցեագրված համապատասխանաբար Վլադիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին։ Նա խնդրել է դրանք անձամբ հանձնել երկու երկրների ղեկավարներին։

Սպիտակ տունը հանդիպման մասին պաշտոնապես տեղեկացրել է նոյեմբերի 3-ին։ ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մելանյա Թրամփը նախատեսել է հանդես գալ հայտարարությամբ՝ ներկայացնելով Ալեշկիում իրականացված մարդասիրական առաքելության արդյունքները։

Նոյեմբերի 2-ին նախագահ Զելենսկին ԱՄՆ առաջին տիկնոջը պարգևատրել է իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանով։ Այն Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևն է, որը նախատեսված է բացառապես կանանց համար։

Պարգևատրման հրամանագրում նշվել է, որ Մելանյա Թրամփը շքանշանին արժանացել է «Ուկրաինային մարդասիրական աջակցություն ցուցաբերելու գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, մարդու իրավունքների պաշտպանության և բարեգործական ակտիվ գործունեության համար, որոնք ուղղված են ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, Ուկրաինայի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներից ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների և քաղաքացիների փրկությանը»։

Ուկրաինական պարգևի է արժանացել նաև ԱՄՆ առաջին տիկնոջ հատուկ ավագ խորհրդական Մարկ Բեքմանը։ Նրան շնորհվել է «Ոսկե սիրտ» տարբերանշանը։

Սպիտակ տանը Մելանյա Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցելուց հետո Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նախատեսել է հանդիպումներ անցկացնել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ Դմիտրիևը մասնակցել է ամերիկացի բանտարկյալների ազատ արձակմանն աջակցելու, ուկրաինացի երեխաներին ընտանիքներ վերադարձնելու և Ալեշկիում մարդասիրական գործողություն իրականացնելու գործընթացներին։

Աղբյուրի խոսքով՝ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները շահագրգռված են այդ մարդասիրական նախաձեռնությունների շարունակությամբ։

Սպիտակ տանը հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ։

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանն ու Ուկրաինան Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լեոն XIV-ի միջնորդությամբ համաձայնության են հասել Խերսոնի մարզի օկուպացված Ալեշկի քաղաքում տեղային հրադադար հաստատելու շուրջ։ Պայմանավորվածության նպատակը ռազմական գործողությունների գոտում գտնվող խաղաղ բնակիչների անվտանգ տարհանումն ապահովելն է եղել։

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 27-ին՝ Կիևի ժամանակով ժամը 03։00-ին, որը համապատասխանում է Մոսկվայի ժամանակով 04։00-ին։ Այն գործել է մինչև նոյեմբերի 1-ի ավարտը։

Leave a comment