Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Քաղաքականություն

05.11.2026 | 21:59

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային  դատարանը հեռակա կարգով չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ժաննա Նեմցովային, հայտնում է «Մեդիազոնան»։ Դատարանը նաև ութ տարով արգելել է նրան զբաղվել համացանցային ռեսուրսների կառավարմամբ, գրում է Meduza-ն։

Ժաննա Նեմցովային մեղադրում են հոր՝ Բորիս Նեմցովի անվան հիմնադրամը ղեկավարելու համար։ Ռուսաստանում այդ հիմնադրամը ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»։

Դատական  գործընթացքում մեղադրող կողմը պահանջել էր Ժաննա Նեմցովային դատապարտել հինգ տարվա ազատազրկման և ինը տարով արգելել կայքերի կառավարումը։ Պետության կողմից նշանակված փաստաբանը խնդրել էր արդարացնել Նեմցովային։

Ժաննա Նեմցովան լքել է Ռուսաստանը 2015 թվականի փետրվարի 27-ին՝  հոր՝ Բորիս Նեմցովի՝ Մոսկվայի կենտրոնում սպանությունից հետո։

Բորիս Նեմցովի անվան հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականին՝ քաղաքական գործչի սպանությունից կարճ ժամանակ անց։ Կազմակերպությունը տեղակայված է Գերմանիայում։ 2024 թվականին Ռուսաստանում հիմնադրամը ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»։ 2026 թվականին Ռուսաստանում Ժաննա Նեմցովայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպում» հոդվածով (ՌԴ քրեական օրենսգրքի 284.1-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Նրան հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ  հայտարարվել է  նաև միջազգային հետախուզում։

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի

Leave a comment