Երևանի բարձրադիր գոտում ձյուն է սպասվում, լեռնային մարզերում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում Երևանի բարձրադիր գոտում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ զգալի։
Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը ձյուն է սպասվում հետևյալ բարձրություններում՝
- Շիրակում՝ 1600 մ,
- Լոռիում և Տավուշում՝ 800 մ,
- Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում՝ 1800 մ,
- Գեղարքունիքում՝ 2000 մ,
- Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800 մ և ավելի բարձրություններում։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերն արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։