ԱՀԿ-ն հավանություն է տվել Էբոլայի դեմ երկու նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել Էբոլա վիրուսի դեմ մշակվող 2 նոր պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացմանը։ Որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ աֆրիկյան մի շարք երկրներում բուժաշխատողները շարունակում են պայքարել հիվանդության լայնածավալ բռնկման դեմ, որն արդեն ավելի քան 5300 մարդու մահվան պատճառ է դարձել։

Համաճարակի ներկայիս ալիքը պայմանավորված է Էբոլայի հազվադեպ հանդիպող Բունդիբուգյո տարբերակով, որի դեմ կիրառման համար հաստատված որևէ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, գրում է Deutsche Welle-ն:

Ժնևում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը ներկայացրել է փորձարկումների վերաբերյալ կազմակերպության փորձագիտական խմբերի առաջարկությունը։

«Այսօր ԱՀԿ-ի փորձագիտական խմբերը խորհուրդ են տալիս երկու պատվաստանյութի թեկնածու ներառել այն փորձարկման մեջ, որը հատուկ մշակվել է Բունդիբուգյո վիրուսի դեմ»,- լրագրողներին հայտնել է Գեբրեյեսուսը։

Նոր պատվաստանյութերի մշակման աշխատանքներում ներգրավված են Օքսֆորդի համալսարանը, Հնդկաստանի Serum Institute of India ընկերությունը և Moderna դեղագործական ընկերությունը։

Կլինիկական փորձարկումների իրականացումը ստանձնելու է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը։ Հետազոտություններն անցկացվելու են միջազգային գործընկերների աջակցությամբ, որոնց թվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ պատվաստանյութերի մշակումը, թեև չափազանց կարևոր է, սակայն չի կարող փոխարինել հիվանդության տարածումը կանխելու արդեն իսկ արդյունավետությունը հաստատած միջոցառումներին։

«Պատվաստանյութերը հզոր գործիք են, սակայն դրանք չեն փոխարինում արդեն իսկ փորձարկված միջոցառումներին, որոնք հենց հիմա կարող են կյանքեր փրկել»,- նշել է Թեդրոսը։

Նա հատկապես կարևորել է հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո բժշկական օգնության վաղ դիմելը, վարակակիրների հետ շփված անձանց հայտնաբերումն ու վերահսկումը, հիվանդների մեկուսացումը, մահացածների անվտանգ և արժանապատիվ հուղարկավորության կազմակերպումը, ինչպես նաև տեղական համայնքների հետ վստահության վրա հիմնված համագործակցությունը։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ հրապարակված վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ մայիսին երկրում սկսված բռնկման հետևանքով վարակվել է ավելի քան 10 հազար մարդ։

Հիվանդության մահացության ցուցանիշը գերազանցել է 50 տոկոսը, ինչի հետևանքով ներկայիս բռնկումը բնութագրվել է որպես Էբոլայի՝ մինչ այժմ արձանագրված ամենաարագ տարածվող և ամենամեծ համաճարակը։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև Քենիայում, Նիգերիայում և Ուգանդայում։ Այդուհանդերձ, համաճարակի հիմնական օջախը շարունակում է մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որը նաև ամենաշատ տուժած երկիրն է։ Այստեղ, հրապարակված տեղեկությունների համաձայն, հիվանդությունից մահացել է 5103 մարդ։

Համաճարակի տարածմանը հակազդելու նպատակով մի շարք պետություններ, այդ թվում՝ Գանան և Միացյալ Նահանգները, սահմանափակումներ են կիրառել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից ժամանող ճանապարհորդների նկատմամբ։

ԱՀԿ գլխավոր տնօրենը քննադատել է նման որոշումները՝ հայտարարելով, որ ճանապարհորդությունների սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ համաճարակի դեմ իրականացվող միջոցառումների արդյունավետության վրա։

«Մենք կոչ ենք անում ճանապարհորդությունների սահմանափակումներ սահմանած երկրներին վերացնել դրանք։ Նման սահմանափակումները պատժում են պետություններին ճիշտ գործելու համար, խրախուսում են տեղեկատվության թաքցումը և վնասում են բռնկման դեմ պայքարին»,- հայտարարել է նա։

Նմանատիպ դիրքորոշում են հայտնել նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնները (Africa CDC)։

Կազմակերպությունը համաճարակի սկզբից ի վեր ընդգծել է, որ վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ ճանապարհորդությունների սահմանափակումները չպետք է դիտարկվեն որպես բնակչության առողջության պաշտպանության հիմնական միջոց։

Leave a comment