Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք

Հասարակություն

05.11.2026 | 10:37

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 33,681 հա մակերեսով 18 հողամասերի նկատմամբ, որոնց մոտավոր շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ 212 մլն դրամ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ 2017 թվականին հողամասերի օտարման աճուրդը դատարանն անվավեր էր ճանաչել։ Վճիռը 2026 թվականի սեպտեմբերի 30-ին մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա հողամասերը վերադարձվել են համայնքին։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Արագածոտնի մարզի դատախազության հայցն ընդդեմ Աշտարակ համայնքի, ՍՊ ընկերության և ֆիզիկական անձի` Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով մասնակի բավարարվել էր։ Վճռով անվավեր էր ճանաչվել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության՝ 33.681 հա հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը:

Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազության դիմումի հիման վրա՝ 33.681 հա ընդհանուր մակերեսով 18 հողամասերի նկատմամբ գրանցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը։

Հողամասերի մոտարկված շուկայական արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն 368 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 212 միլիոն 516 հազար դրամ:

Leave a comment