«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

«Հրապարակ» թերթը գրում է․ Հոկտեմբերի 25-ին Եղեգնաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ինչպես հայտնի է, որոշիչ մանդատ են տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությանը, որը 1 մանդատ է ստացել, եւ այդ 1 մանդատից է կախված, թե հավասար ձայներ ստացած 2 ուժից որը կղեկավարի համայնքը, եթե, իհարկե, այդ ուժերն իրար հետ չպայմանավորվեն։ Խոսքը ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունների մասին է։

Տեղեկություններ ունենք, որ այստեղ էլ իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին, որոնք փորձում են ազդել «Նոր դարաշրջանի» թեկնածուների վրա՝ ՔՊ-ի օգտին ընտրություն կատարելու նպատակով։ Այս պատճառով 18 հոգանոց ցուցակից արդեն 5-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մեր տեղեկություններով՝ նաեւ առաջին եռյակը։ Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն առանձնապես դեմ չէ համագործակցությանը։ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանից չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ, սակայն ԸԸՀ-ից տեղեկացանք, որ 5 դիմում կա ինքնաբացարկի, բայց դրանք կարող են հետ վերցնել մինչեւ մանդատների բաշխումը, այսինքն՝ նոյեմբերի 8-ը։

Leave a comment